Իսպանիան ռազմական նշանակության արտադրանք չի վաճառի Իսրայելին

Իսրայելի զինված ուժերի՝ Գազայի հատվածում ռազմական գործողություններ իրականացնելու հետ կապված՝ Իսպանիան որոշել է դադարեցնել Իսրայելին ռազմական ու երկակի նշանակության արտադրանքի մատակարարումը, հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Նման որոշում ընդունել է Իսպանիայի ռազմական ու երկակի նշանակության արտադրանքի արտահանման միչգերատեսչական հանձնաժողովը՝ հիմնավորելով, որ այդ արտադրանքը կարող է օգտագործվել Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիների դեմ:

Գազայի հատվածն իսրայելական հրթիռակոծման ժամանակ

Գազայի հատվածն իսրայելական հրթիռակոծման ժամանակ

Ավելացնենք, որ Իսպանիայի ու Իսրայելի միջև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումները այնքան էլ շատ չեն: 2008-ին իսպանական ռազմական նշանակության արտադրանքի արտահանման միայն 0.25 տոկոսն է նախատեսված եղել Իսրայելի համար, իսկ երկակի նշանակության արտադրանքի՝ 0.52 տոկոսը: Այս ցուցանիշն ամենաբարձրն է եղել 1998-ին, երբ ռազմական ու երկակի նշանակության արտադրանքի մատակարարումները կազմել են բոլոր ուղղություններով արտահանման ընդամենը 2.74 տոկոսը:

Հիշեցնենք, որ  Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Հետագայում հակամարտությունը ծավալվեց, իսրայելում հայտարարվեց զորահավաք, մի քանի անգամ հայտարարվեցին հրադադարներ, որոնք հետագայում խախտվեցին:

Այսօր՝ օգոստոսի 5-ին, իսրայելական կողմը Գազայի հատվածից դուրս է բերում իր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները՝ համարելով, որ այսքանով ավարտել է իր գործողությունները այնտեղ:

Մոտ մեկ ամիս տևած գործողությունների արդյունքում իսրայելական կողմն ունեցավ 67, պաղեստինյան կողմը՝ ավելի քան 1800 զոհ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *