Մուլինոյի զորավարժարանը պատրաստ կլինի դեկտեմբերին՝ չնայած Գերմանիայի պատժամիջոցերին

Ռուսաստանի զինված ուժերի արևմտյան ռազմական օկրուգի համար գերմանական Rheinmetall ընկերության հետ համատեղ կառուցվող ժամանակակից զորավարժարանը պատրաստ կլինի 2014-ի դեկտեմբերին՝ չնայած գերմանական ընկերության՝ գործարքից հրաժարվելուց: Այս մասին, ըստ ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալության, հայտնել է ՌԴ ՊՆ տեղակալ Յուրի Բորիսովը:

Պաշտոնյան նշել է, որ չնայած Գերմանիան հետ է կանչել Rheinmetall ընկերության թույլտվությունը ու դրանով թույլ չի տվել ընկերությանը համատեղ կառուցել տեխնիկական միջոցներով հագեցած զորավարժարանը, սակայն այն մոտ 95 տոկոսով արդեն պատրաստ է, իսկ գերմանական սարքավորումների փոխարեն զորավարժարանում տեղադրված են ռուսաստանյան արտադրության համարժեք սարքավորումները:

Զորավարժարանը նախատեսում են փորձել արդեն սեպտեմբերից, որից հետո նոր կտրվի շահագործման:

Մուլինոյում ներկայում կա հրետանու համար նախատեսված զորավարժարան

Մուլինոյում ներկայում կա հրետանու համար նախատեսված զորավարժարան

Բորիսովը նշել է նաև, որ ռուսաստանյան կողմը պատրաստվում է դատարանի միջոցով փոխհատուցում պահանջել գերմանական ընկերությունից, որը փաստացի հրաժարվում է պայմանագրի կատարումից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նկատմամբ եվրոպական երկրների սահմանած պատժամիջոցների շրջանակում Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հետ է վերցրել Rheinmetall ընկերության թույլտվությունը՝ արտոնագիրը, որով ընկերությունը կարող էր մասնակցել Ռուսաստանում զորավարժարանի կառուցմանը: Չնայած արդեն 2014-ի մարտից գերմանական ընկերությունը սառեցրել էր աշխատանքների ընթացքը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն նախօրեին:

Ավելացնենք, գերմանական Rheinmetall AG ընկերությունը շուրջ 100 մլն ամերիկյան դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում Ռուսաստանի Մուլինո քաղաքում՝ Նիժնի Նովգորոդ քաղաքի մոտակայքում, կառուցելու էր ռազմական բազմանպատակային ուսումնական կենտրոն, որը հագեցած կլիներ անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական միջոցներով ու որում հնարավոր կլիներ զորավարժություն անել միանգամից 30 հազար զինծառայողների մասնակցությամբ:

Ուսումնական կենտրոնի կառուցման մասին ռուսաստանյան ու գերմանական կողմերը պայմանավորվել էին դեռևս 2011-ի հոկտեմբերին: Նախատեսված էր, որ կենտրոնը պատրաստ պիտի լիներ արդեն 2014-ի կեսերին: Նոր բազմանպատակային զորավարժարանը ծառայելու էր ՌԴ զինված ուժերի արևմտյան ռազմական օկրուգի տարբեր զորատեսակների նպատակներին: Իսկ դրա կառուցումից հետո Ռուսաստանը սեփական միջոցներով նմանատիպ զորավարժարաններ կառուցելու էր նաև մյուս ռազմական օկրուգների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *