Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում օգոստոսի 4-ից պաշտոնական այցով ԱՄՆ-ի Կանզաս նահանգում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի մասնակցությունը «Աչալուրջ պահապան» բժշկական զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվան: Նշված զորավարժությանը ամերիկյան կողմի հետ մասնակցում են նաև ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության հինգ ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները Կանզասի նահանգապետ Սեմ Բրաունբաքի և Կանզասի ադյուտանտ գեներալ Լի Թաֆանելիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈւ և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությանը և դրա հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության և Կանզաս նահանգի միջև ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունեցող գործընկերության շրջանակներում արձանագրված հաջողությունների Կանզասի նահանգապետ Սեմ Բրաունբաքի կողմից ստորագրվել է հռչակագիր: