Ռուսաստանում անցկացվող տանկային բիաթլոն-2014 մրցույթի առաջին օրվա արդյունքներով Հայաստանի տանկիստների առաջին անձնակազմը 2-րդն է մասնակից 12 երկրների շրջանում՝ զիջելով միայն Ռուսաստանին։ Հայաստանի առաջին անձնակազմը ներկայացնում են կրտսեր սերժանտ Յուրա Դարբինյանը (հրամանատար), շարքային Տիգրան Ղազարյանը (նշանառու օպերատոր) ու շարքային Գագիկ Գևորգյանը (մեխանիկ-վարորդ)։
Տանկային բիաթլոնի մեկնարկային օրը 12 երկրների առաջին անձնակազմերը բաժանվելով երեք խմբերի, հերթով, 60 վայրկյան միջակայքով սկսել են մրցումը: Երթուղու ընթացքում տանկիստներն իրենց տանկերով հաղթահարել են խոչընդոտներն ու կրակել ինչպես թնդանոթներից, այնպես էլ հաստիքային այլ զենքերից:
Շրջաններից մեկի ընթացքում հայտարարվել է, որ հայաստանցի տանկիստները վրիպել են թնդանոթով կրակելիս, սակայն հետո թիրախը զննելու արդյունքում պարզ է դարձել, որ այն հաջողությամբ խոցված է:
Առաջին օրվա վերջնական արդյունքերով Ռուսաստանի տանկիստները զբաղեցրել են առաջին տեղը, Հայաստանի տանկային անձնակազմը՝ երկրորդ տեղը, երրորդը Բելառուսի տանկիստները:
Ռազմինֆոյի հետ զրույցում տանկիստներից Գագիկ Գևորգյանը, ում հետ հարցազրույց էինք ունեցել բիաթլոնին մեկնելու նախօրեին, հայտնեց, որ անձնակազմի տրամադրությունը բարձր է, վաղն ու հաջորդ օրը հայաստանցի տանկիստների երկրորդ ու երրորդ անձնակազմերը կմրցեն մյուս երկրների անձնակազմերի հետ:
Հիշեցնենք, որ այսօր տանկիստները մրցել են անհատական մրցույթում: Երկրորդ ու երրորդ անձնակազմերի մրցումների ավարտից հետո կմեկնարկեն սպրինտի, հետապնդման ու սպորտային մրցումները: Տանկային բիաթլոնի ժամանակացույցն ու մրցումների տեսակների մասին մանրամասները հայտնել էինք ավելի վաղ: Ավելացնենք միայն, որ դրան մասնակցում են մասնակիցներ 12 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Անգոլայից, Վենեսուելայից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Քուվեյթից, Սերբիայից ու Չինաստանից։
Հիշեցնենք նաև, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին և մասնակից 4 երկրներից շրջանում զբաղեցրել էին վերջին տեղը։
Ավելացնենք, որ տանկային բիաթլոն անցկացվել է նաև Հայաստանում։ 2013թ. նոյեմբերին հայկական առաջին տանկային բիաթլոնը կազմակերպվել է Արցախի պաշտպանության բանակում՝ ՊԲ խոշոր զորավարժության շրջանակներում։
Pingback: Առաջին օրվա արդյունքներով Հայաստանի անձնակազմը երկրորդ տեղում է. Տանկային բիաթլոն-2014 Razm.info | Armday
Pingback: Տանկային բիաթլոնի մրցույթին Հայաստանի տանկիստները զբաղեցրել են 2-րդ տեղը 12 երկրների շրջանում | Real News
Pingback: Հայաստանի տանկիստների երկրորդ անձնակազմը 5-րդ տեղում է. Տանկային բիաթլոն-2014. օր 2-րդ | Ռազմ.info
Pingback: Հայաստանցի տանկիստները 3-րդ տեղում են. Տանկային բիաթլոն-2014. օր 3-րդ | Ռազմ.info
Pingback: Տանկային բիաթլոն-2014․ Թիմային հաշվարկում Հայաստանը կիսում է 4-րդ տեղը Սերբիայի հետ | Ռազմ.info