Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ՊԲ հրամկազմի հետ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ, որի ընթացքում ներկայացվել են զեկույցներ հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերի,Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արցախի տարածք դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի առնչությամբ:

Բակո Սահակյանը ՊԲ հրամկազմի հետ խորհրդակցությանը

Բակո Սահակյանը ՊԲ հրամկազմի հետ խորհրդակցությանը

Սահակյանը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի հրամանատարության և անձնակազմի գործունեությունը՝ ուղղված հակառակորդի առաջխաղացման փորձերը արդյունավետորեն կասեցնելուն, որի հետևանքով վերջինս, կրելով մեծ կորուստներ, նահանջել է ելման դիրքերը: Բակո Սահակյանի գնահատմամբ՝ ՊԲ գործողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, զինվորների անսասան ոգին և հայրենասիրությունը:

Արցախի ղեկավարը երախտագիտություն է հայտնել առաջին գիծ մեկնած Արցախյան ազատամարտի վետերաններին՝ բարձր գնահատելով այս ուղղությամբ Արցախի ազատամարտիկների միության կատարած աշխատանքը: Նա ցավով նշել է նաև, որ  հայրենիքի պաշտպանության ժամանակ եղել են զոհեր, և ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ:

Լսելով Պաշտպանության բանակի հրամանատար  Մովսես Հակոբյանի զեկույցը իրականացված գործողությունների, ներկայումս տիրող իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ՝ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել ՊԲ  հրամկազմին: Նա ընդգծել է, որ հակառակորդի կողմից առաջնագծում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՝ միաժամանակ նշելով, որ պաշտոնական Ստեփանակերտը եղել է և շարունակում է մնալ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *