Օգոստոսի 3-ի երեկոյան Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել են ՀՀ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկը, սպայական անձնակազմին և զինվորներին, հանդիպել սահմանամերձ համայնքների ղեկավարներին:
Մինչ այդ Վանաձորում երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը ներկա են եղել օրերս Մարտակերտում սահմանային միջադեպի հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հոգեհանգստի արարողությանը:
Հանրապետության վարչապետին նախ զեկուցվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի և հայկական ուժերի պատասխան գործողությունների մասին: Այնուհետև, անդրադառնալով զինծառայողների և սահմանապահ գյուղերի բնակչության սոցիալական խնդիրներին, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում դրանց լուծման ուղղությամբ, և խոստացել հնարավորության դեպքում շարունակել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարւոթյան պաշտոնական կայքը:
Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրել է, որ կառավարությունում քննարկվում է սահմանապահ գյուղերում բիզնես սկսող անձանց հարկերից ազատելու հնարավորությունը՝ նոր աշխատատեղեր բացելու և համայնքների տնտեսական կյանքն ակտիվացնելու նպատակով: Գյուղապետերից մեկի բարձրացրած հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետը նշել է, որ գործադիրը քննարկում է նաև սահմանապահ գյուղերի բնակչության էլեկտրաէներգիայի, գազի և այլ վարձավճարների փոխհատուցման հնարավորությունը:
Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին, շնորհակալություն հայտնել փոխըմբռնման և հայրենիքի սահմանն անառիկ պահելու համար: