Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը արգելել է գերմանական Rheinmetall AG ընկերությանը շարունակել Ռուսաստանի զինված ուժերի համար բազմաֆունկցիոնալ, մինչև 30 հազար զինծառայողի համար նախատեսված զորավարժարանի կառուցումը: Այս մասին հայտնում է գերմանական sueddeutsche.de կայքը:
Գերմանական պաշտոնական կողմը հետ է կանչել Rheinmetall AG ընկերության արտոնագիրը, որով ընկերությունը իրավունք էր ստացել կառուցել զորավարժարանը: Բեռլինը հիմնավորում է այս քայլը եվրոպական երկրների՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցներով՝ չնայած նրան, որ այդ պատժամիջոցները պիտի կիրառվեին 2014-ի օգոսոտոսի 1-ից ու չէին ազդելու նախկինում կնքված պայմանագրերի վրա:
Գերմանական կողմը նշում է, որ պայմանագրի կատարումը սառեցրել էր դեռևս 2014-ի մարտին, իսկ ներկայում կիսատ է թողնում դրա կատարումն ու հրաժարվում զորավարժարանը կառուցելուց:
Հիշեցնենք, որ գերմանական Rheinmetall AG ընկերությունը շուրջ 100 մլն ամերիկյան դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում Ռուսաստանի Մուլինո քաղաքում՝ Նիժնի Նովգորոդ քաղաքի մոտակայքում, կառուցելու էր ռազմական բազմանպատակային ուսումնական կենտրոն, որը հագեցած կլիներ անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական միջոցներով ու որում հնարավոր կլիներ զորավարժություն անել միանգամից 30 հազար զինծառայողների մասնակցությամբ:
Ուսումնական կենտրոնի կառուցման մասին ռուսաստանյան ու գերմանական կողմերը պայմանավորվել էին դեռևս 2011-ի հոկտեմբերին: Նախատեսված էր, որ կենտրոնը պատրաստ պիտի լիներ արդեն 2014-ի կեսերին: Նոր բազմանպատակային զորավարժարանը ծառայելու էր ՌԴ զինված ուժերի արևմտյան ռազմական օկրուգի տարբեր զորատեսակների նպատակներին: Իսկ դրա կառուցումից հետո Ռուսաստանը սեփական միջոցներով նմանատիպ զորավարժարաններ կառուցելու էր նաև մյուս ռազմական օկրուգների համար:
Ավելացնենք, որ հունիսի սկզբին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը հայտնել էր, որ պատժամիջոցներն այս գործարքի վրա չեն ազդի, ու զորավարժարանը պատրաստ կլինի 2014-ի դեկտեմբերին:
Pingback: Մուլինոյի զորավարժարանը պատրաստ կլինի դեկտեմբերին՝ չնայած Գերմանիայի պատժամիջոցերին | Ռազմ.info
Pingback: Rheinmetall AG ընկերությունը 94 մլն դոլարի պայմանագիր է ստացել Գերմանիայի զինված ուժերից | Ռազմ.info