Իրավիճակն օգոստոսի 3-ի դրությամբ. ՀՀ ՊՆ հաղորդագրություն

Օգոստոսի 3-ի դրությամբ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հակառակորդը շարունակում է ներթափանցման գործողություններ իրականացնելու փորձերը, գնդակոծում է հայկական ուժերի դիրքերը և խաղաղ բնակավայրերը։ Հայկական զինուժը բոլոր դեպքերում տալիս է համարժեք պատասխան։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ՊՆ հաղորդագրությունն ամբողջությամբ.

Հայկական ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել` տալով մարդկային կորուստներ, բոլոր կրակահերթերը լռեցվել են: ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարում է, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության արկածախնդիր, ռազմական տեսանկյունից չհիմնավորված և վրեժխնդրությամբ տրամաբանված քաղաքականության արդյունքն է, որը հանգեցնում է իրենց իսկ ուժերի շրջանում մարդկային զգալի կորուստների:

Ցավոք, նախորդ օրերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հերոսաբար Հայրենիքին նվիրաբերած բոլոր զինծառայողների հարազատներին և հայ հասարակությանը կոչ է անում ՀՀ զինված ուժերի հետ միասին վառ պահել նրանց հերոսական անունները, որոնց գործողությունների շնորհիվ է, որ հակառակորդն անհամեմատ ավելի շատ կորուստներ է կրել:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ափսոսում է երկուստեք կորուստների համար, որի ողջ պատասխանատվությունը մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության խղճին: Ինչպես միշտ, ադրբեջանական ղեկավարության համար սեփական զինվորների կյանքը ոչինչ չարժե:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի ԶՈւ նման գործելակերպն ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և կրկին կոչ է անում ադրբեջանական կողմին` զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից ու վրեժխնդրությամբ տրամաբանված գործողություններից: Հրադադարի խախտման ցանկացած դեպք այսուհետ ևս պատժվելու է ամենայն խստությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *