ՌԴ-ի օդադեսանտայինները ԿամԱԶ-ի հետ մտադիր են նոր զրահամեքենա ստեղծել

ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի հրամանատարությունը ցանկություն է հայտնել ռուսաստանյան ԿամԱԶ ընկերության հետ համատեղ ստեղծել մոդուլային զրահամեքենա, որը կկարողանա կատարել մի շարք խնդիրներ: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության, հայտնել է օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը:

Նախագծվելիք մեքենան պիտի ունենա 4×4 անիվային ընթացամաս: Օդադեսանտայինների մտահղացման համաձայն՝ մեքենան պիտի լինի մոդուլային կառուցվածքի, ինչը թույլ կտա նրան կատարել ինչպես դեսանտավորման, այնպես էլ կրակային աջակցման ու նույնիսկ ականազերծման, ականադաշտերում անվտանգ ուղիների բացման առաջադրանքներ:

Մեքենայի տանիքին էլ պիտի լինի սպառազինության հանգույց, որի վրա հնարավոր կլինի տեղադրել տարբեր տեսակի գնդացիրներ, ականանետներ ու անհրաժեշտության դեպքում էլ փոփոխել դրանք:

ԿամԱԶ-63968 «Թայֆուն» զրահափոխադրիչը

ԿամԱԶ-63968 «Թայֆուն» զրահափոխադրիչը

Նշենք, որ ռուսաստանյան ԿամԱԶ ընկերությունը նախկինում արդեն հանդես եկել է անվավոր զրահապատ մեքենաների ստեղծման առաջարկներով, իսկ ընկերության նախագծած «Թայֆուն» ընտանիքի ԿամԱԶ-63969 և ԿամԱԶ-63968 զրահամեքենաները անցել են փորձարկումներ ու հավանաբար նաև մատակարարվել են զորքերին:

ԿամԱԶ-63968 «Թայֆուն» զրահամեքենան MRAP (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) տիպի բարձր պաշտպանվածությամբ մեքենա է։ Ունի բարդ զրահ, որը պատրաստված է կերամիկայից ու պողպատից։ Մեքենայի անձնակազմը 2 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 16 դեսանտային:

Միաժամանակ, սակայն, պետք է նշել, որ Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային զորքերի սպառազինությունը արդեն համալրված է մի քանի տեսակի զրահապատ մեքենաներով, ու «ԿամԱԶի» հետ նոր մեքենայի ստեղծումը կարող է գլխացավանք դառնալ օդադեսանտայինների համար: Պատճառն այն է, որ մի քանի մեքենաների յուրաքանչյուր տեսակի համար առանձին ենթակառուցվածք պահելու համար ֆինանսական հավելյալ միջոցներ անհրաժեշտ կլինեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *