ՌԴ-ի օդադեսանտայինները 64 միավոր նոր զրահատեխնիկա կարող են ստանալ 2015-ին

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերը նախատեսում են 2015-ին 64 միավոր նոր ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենաներ ստանալ, ինչի մասին հայտնել է ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը՝ ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության:

Շամանովը նշել է, որ իրենք ստանալու են երկու գումարտակների համալրման համար նախատեսված քանակի` յուրաքանչյուր գումարտակի համար 32 միավոր ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենաներ ու ավելի քան 20-ական միավոր ԲՏՌ-ՄԴ «Ռակուշկա» զրահափոխադրիչներ:

Ու չնայած ԲՄԴ-4Մ մեքենաների 8-միավորանոց խմբաքանակ ներկայում փորձարկումների մեջ է օդադեսանտային զորքերում, այնուամենայնիվ հնարավոր է, որ մեքենաների տրամադրումն ուշանա: Խնդիրն այն է, որ դեռևս 2013-ի սկզբին Ռուսաստանի ԶՈւ-ն մեքենաներն արտադրող «Կուրգանմաշզավոդի» հետ պայմանագիր էր կնքել, որի համաձայն՝ արտադրողը մինչև 2013-ի նոյեմբեր ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերին պիտի տրամադրեր 10 միավոր մեքենաներ։ Պայմանագրի արժեքը շուրջ 18,5 մլն ԱՄՆ դոլար էր։

Ռուսաստանյան ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենա

Ռուսաստանյան ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենա

Սակայն որոշ դետալներ արտադրող ընկերություններ թերացել էին աշխատանքում, ու արդեն 2013-ի հուլիսին հայտնի դարձավ, որ ՌԴ ԶՈւ-ն նախատեսվածից քիչ ԲՄԴ-4Մ զրահամեքենաներ կստանա, ու պայմանագրի կատարումը կուշանա:

Նշենք, որ 2014-ի հուլիսի սկզբին հայտնի էր դարձել, որ ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի՝ Տուլայում (Մոսկվայից հարավ) տեղակայված միավորումը ստացել է 8 միավոր նոր ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենաների խմբաքանակ՝ փորձարկումների համար:

Փորձարկումներն օդադեսանտային զորքերում իրականացնելու էին հենց հաստիքային զինծառայողները՝ մեքենաներն արտադրող ընկերության մասնագետների հսկողությամբ, որպեսզի նախագծողները հետագայում կարողանան շտկել փորձարկող զինծառայողների հայտնաբերած թերությունները:

Նախատեսված է, որ փորձարկումներից հետո ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենաները ներգրավվելու են սերիական արտադրության, իսկ արդեն 2015-ից սկսած արտադրողը դրանք մատակարարելու է Ռուսաստանի օդադեսանտային զորքերին:

ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենան ԲՄԴ-4-ի արդիականացումն է, այն նախատեսված է օդադեսանտային ուժերի տեղափոխման, սպառազինության ու պաշտպանվածության մեծացման համար։ Հատկանշական է այն, որ ԲՄԴ-4Մ-ի դետալները հնարավորինս նմանեցված են ՌԴ ԶՈւ սպառազինության մեջ մտնող ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենայի հետ, ինչը թույլ է տալիս զգալիորեն գումար խնայել դետալների արտադրության մեջ, փոխլրացնել միմյանց մարտում, ինչպես նաև հեշտացնել մեքենաների վերանորոգումը նաև դաշտային պայմաններում։

Մեքենան անձնակազմը պաշտպանում է փամփուշտներից ու բեկորներից։ Աշտարակի վրա տեղադրված է «Բախչա-Ու» մարտական հանգույց, որից տեղադրված է նաև ԲՄՊ-2 մեքենայի որոշ արդիականացումների վրա։ Մարտական հանգույցի վրա տեղադրված են 100 մմ թնդանոթ, 30 մմ ավտոմատ թնդանոթ, ինչպես նաև թնդանոթներին կցված 7,62 մմ գնդացիր։ Մեքենայի վրա տեղադրված է նաև հակատանկային կառավարվող հրթիռների «Առկան» արձակման կայան՝ 4 հրթիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *