Ռուսաստանյան Մի-26 բեռնատար ուղղաթիռի հիման վրա նախագծված Մի-26Տ2 մոդիֆիկացիան ներկայումս անցնում է միամսյա ամփոփիչ փորձարկումներ, որից հետո կստանա սերիական արտադրության թույլտվություն, իսկ 2015-ից արդեն կարտադրվի խոշոր քանակով։ Այս մասին հայտնում է արտադրական մի շարք ձեռնարկություններ և ընկերություններ ներառող «Ռոստեխ» ընկերության մամուլի ծառայությունը։
Իր նախորդի՝ Մի-26Տ-ի համեմատ, նոր մոդիֆիկացիան ունի մի շարք առավելություններ, որոնց թվում ոչ միայն անձնակազմի կրճատված թիվն է, այլև տեխնիկական նորարարությունները։
Նշվում է, որ առայժմ կա Մի-26Տ2 (ռուս.՝ Ми-26Т2) բեռնատար ուղղաթիռի միայն 1 օրինակ, որն էլ վերջին տարիներին ծառայել է որպես փորձանմուշ ու արդյունքում արդարացրել իրեն։ Ուղղաթիռի 2-րդ և հետագա օրինակներն արդեն կհավաքեն սերիական արտադրության շրջանակներում։
Այսպես, նոր ուղղաթիռի անձնակազմի թիվը 5-ից դարձել է 2։ Արտաքին ամրակցման եղանակով բեռների փոխադրման դեպքում, առաջանում է անձնակազմի երրորդ անդամի՝ բեռնափոխադրման օպերատորի անհրաժեշտություն։ Մնացած այլ դեպքերում, շահագործման համար բավարար են միայն 2 օդաչուները։ Ի դեպ, վերջինների տեղեկատվական վահանակի վրա ավանդական ցուցիչներին փոխարինելու են եկել լուսային էկրանները, որոնցով աշխատելն անձնակազմի համար անհամեմատ հեշտ է։
Մի-26Տ2-ի էլեկտրոնային և տեխնիկական համակարգերը թույլ են տալիս բեռնափոխադրումներ իրականացնել նաև գիշերային ժամերին՝ սահմանափակ տեսանելիության պայմաններում։ Ուղղաթիռը կարող է փոխադրել 20 տոննա բեռ կամ 85 հոգանոց անձնակազմ։ Դրա առավելագույն արագությունը 295 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 4 600 մետր։ Վառելիքի լրացուցիչ տարրաների օգտագործման դեպքում, մեկ լիցքավորմամբ ու ամբողջ բեռնվածությամբ ուղղաթիռը կարող է անցնել մինչև 1920 կմ տարածություն։
Տեսանյութում՝ Մի-26Տ2 ուղղաթիռի ցուցադրական թռիչքը ՄԱՔՍ-2011 ավիացուցահանդեսում