Իսրայելն իր զինծառայողների թիվն ավելացնում է ևս 16 հազարով

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ևս 16 հազար պահեստազորայիններին զորակոչելու մասին։ Այսպիսով, Գազայի հատվածում գործողության մեջ ընդգրկված իսրայելցի զինծառայողների թիվը հասնում է 86 հազարի։

Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողը ռազմական գործողության ժամանակ

Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողը ռազմական գործողության ժամանակ

Ինչպես հաղորդում է CNN լրատվական գործակալությունը, հղում տալով Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության խոսքերին, զինծառայողների թվի ավելացումը թույլ կտա ընդլայնել ռազմական գործողության ծավալները, իսկ արդեն ճակատում մարտնչող զինծառայողներին՝ որոշ ժամանակով հանգստանալ։

Բացի այդ, Իսրայելի իշխանությունները հայտարարել են Գազայի հատվածում տեղակայված ՄԱԿ-ի դպրոցի հրթիռակոծման միջադեպը հետաքննելու մասին։ Դպրոցում հիմնականում փախստականներ էին պատսպարվել։ Հրթիռակոծման պատճառով սպանվել է առնվազն 16 հոգի։

Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ը բնութագրել է Իսրայելի ռազմական գործողությունը որպես «զանգվածային սպանություն», որին զոհ են գնացել 1360 հոգի։

Իսրայելական The Jerusalem Post-ի տվյալներով՝ Գազայի հատվածում արձանագրված պայթյունի ժամանակ հուլիսի 30-ին տուժել է իսրայելցի 27 զինծառայող, մահացել են 3-ը։ Արդյունքում իսրայելական բանակի կորուստները ռազմական գործողության հետևանքով կազմում են 56 հոգի։

Ավելի վաղ՝ նույն օրը, Իսրայելը հայտարարել էր 4-ժամյա հաշտության մասին, սակայն ինքն էլ խախտել էր այն՝ 2 հրթիռային հարված հասցնելով Գազային, ինչի պատճառով սպանվել էր 15 պաղեստինցի։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել էր, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ՀԱՄԱՍ-ը լիովին չոչնչացվի։

Հիշեցնենք, որ  Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։

Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ ՀԱՄԱՍ-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։

Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ էին իրականացրել, որոնց արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են ՀԱՄԱՍ-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։

Բացի այդ, ձերբակալվել էին 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել էին մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *