Իրաքը Ռուսաստանի հետ 1 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ սպառազինության գնման պայմանագիր է կնքել, որով Մոսկվան պարտավորվել է իրաքյան զինված ուժերին մատակարարել ինչպես ՏՕՍ-1Ա հրանետներ, այնպես էլ հրետանային մի շարք զինատեսակներ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան Vedomosti.ru պարբերականը:
Բացի Ռուսաստանի մատակարարած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետներից, որոնց տրամադրումը հավաստող լուսանկարներ էին հրապարակվել նախօրեին՝ ռուսաստանյան կողմը Իրաքին է հանձնելու նաև 2-3 դիվիզիոն ԲՄ-21 «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), նույնքան՝ 2-3 դիվիզիոն 152 մմ 2Ա65 «Մստա-Բ» քարշակվող հաուբիցներ, ինչպես նաև 120 մմ 2Բ11 ու 80 մմ 2Բ14 ականանետների որոշակի քանակություն:
Պայմանագիրը ներառելու է նաև նշված զինատեսակների համար նախատեսված արկեր, ականներ և այլն: Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան ռուսաստանյան կողմը տրամադրելու է ինչպես սեփական զինված ուժերի կազմից, այնպես էլ նորն է արտադրելու:
Նման շտապողականությունը պայմանավորված է Իրաքի պատերազմական վիճակով: Խնդիրն այն է, որ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղ խմբավորմանը հունիսի սկզբին հաջողվել էր վերահսկողություն հաստատել Իրաքի հյուսիսային ու հյուսիսարևմտյան մի շարք շրջանների վրա: Դրանից հետո խմբավորումը հայտարարել է Իրաքի ու Սիրիայի՝ իր վերահսկողության տակ եղած տարածքներում «Իսլամական խալիֆայություն» ստեղծելու մասին ու սպառնում է Բաղդադին:
Նույն այս պատճառով հունիսի երկրորդ կեսին Իրաքը արագացված կարգով Սու-25 գրոհիչներ էր գնել Ռուսաստանից: Դրանք անմիջապես մատակարարվել էին Իրաքի զինված ուժերին, իսկ այդ մասին պատմող տեսանյութը դրվել էր համացանցում:
Իրաքում ռազմաօդային ուժերի համալրման կարիք էր առաջացել այն պատճառով, որ Իրաքին տրամադրվելիք ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումը, որն արդեն 2014-ի սեպտեմբերին պիտի սկսվեր, հետաձգվել էր անորոշ ժամկետով: Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ մատակարարումը նախատեսում է սկսել միայն այն ժամանակ, երբ երկրում կհաղթահարվի անկայուն իրավիճակը, ու Իրաքի զինված ուժերը կվերահսկեն երկրի ներքին դրությունը:
Pingback: Իրաքը Պանցիր-Ս1 զենիթահրթիռային հրանոթային համալիրներ է գնել Ռուսաստանից | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը պատրաստ է հարկը եղածի չափ զենք տրամադրել Իրաքին. Լավրով | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանն Իրաքին մատակարարել է ՏՕՍ-1Ա հրանետների նոր խմբաքանակ | Ռազմ.info
Pingback: [Լրացված] Իրաքի պատվիրակները կայցելեն ՌԴ՝ երկկողմ պաշտպանական համագործակցությունը քննարկելու | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը և Իրաքը կշարունակեն համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում | Ռազմ.info