Հյուսիսային Կորեան կարող է հրաժարվել իր ՄիԳ-19 կործանիչներից

Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) որոշում է կայացրել ժամանակավորապես կասեցնելու իր ունեցած ՄիԳ-19 խորհրդային արտադրության կործանիչների շահագործումը 2014-ին դրանց մասնակցությամբ գրանցված 3 ավիավթարներից հետո։
Ինչպես հաղորդում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը, հաշվի առնելով այս որոշումը՝ ՄիԳ-19-երը չեն գործածվելու նաև հյուսիսկորեական զինուժի առաջիկա զորավարժությունների ժամանակ։

ՄիԳ-19, Հյուսիսային Կորեա

ՄիԳ-19, Հյուսիսային Կորեա

Նկատենք, որ հարավկորեական հետախուզություն տվյալներով՝ 2014-ի հունվարից մինչ օրս Հյուսիսային Կորեայի օդուժը կորցրել է նվազագույնը 3 միավոր ՄիԳ-19։ Ըստ մասնագետների՝ դրա հիմնական պատճառներից մեկը կարող է լինել ՄիԳ-19-ի՝ դեռևս 1950-ականներին արտադրված որոշ պահեստամասերի հնացումը։

Հավելենք, որ Հարավային Կորեայի հետախուզության խոստովանությամբ՝ ինքնաթիռների վերոհիշյալ վթարների հետևանքով զոհեր չեն արձանագրվել։

Հիշեցնենք, որ ՄիԳ-19 երկրորդ սերնդի, մեկտեղանի ռեակտիվ կործանիչն առաջին թռիչքը կատարել է 1951-ին։ Այն շահագործող երկրների շարքում են Եգիպտոսը, Բուլղարիան, Պակիստանը, Սիրիան, Իրաքը, Կուբան, Ռումինիան և այլն։ Ինքնաթիռի անձնակազմը 1 հոգի է, երկարությունը՝ 12.54 մ, թևերի բացվածքը՝ 9 մ, բարձրությունը՝ 3.885 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 8832 կգ, առավելագույն արագությունը՝ 1452 կմ/ժ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 15 600 մ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *