ՌԴ-ն ծրագրում է 20 տոննա կշռող անօդաչու ստեղծել

ՌԴ Միացյալ ավիաշիանական կորպորացիան առաջիկայում կարող է ստեղծել նոր հետախուզական անօդաչու թռչող սարք, որը կշռելու է 20 տոննա։ ԱԹՍ-ի նախագծման աշխատանքների առաջին փուլն ակնկալվում է ավարտին հասցնել 2015-ին։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ստեղծել 20 տոննա զանգվածով 2 տիպի ԱԹՍ՝ հարվածային ու հետախուզական։

Տ-50 ՊԱԿ-ՖԱ 5-րդ սերնդի կործանիչ

Տ-50 ՊԱԿ-ՖԱ 5-րդ սերնդի կործանիչ

Ինչպես ռուսաստանյան  «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տեղեկացրել է կորպորացիայի ռազմական նախագծերի վարչության ղեկավար Վլադիմիր Միխայլովը, Միացյալ ավիաշիանական կորպորացիան ներկա դրությամբ զբաղված է մի շարք նորարարական անօդաչուների ստեղծման աշխատանքներով, սակայն դեռևս ժամանակը չէ մանրամասները հրապարակելու։

Հարկ է շեշտել, որ Միացյալ ավիաշիանական կորպորացիայի տնօրեն Միխայիլ Պողոսյանի խոսքերով՝ նոր հեռանկարային անօդաչուի ստեղծման համար կիրառվելու են Տ-50 (ՊԱԿ ՖԱ) ( ռուս.՝ Т-50 ПАК ФА) կործանիչի տեխնոլոգիաները։

Հիշեցնենք, որ 20 տոննա կշռող ծանր հարվածային անօդաչուի նախագծողը ռուսաստանյան «Սուխոյ» ընկերությունն է, որը ստացել է համապատասխան պայմանագիրը կնքելու իրավունքը 2012-ի հուլիսին։ Հետաքրքիր է, որ նույն տարվա հոկտեմբերին «Սուխոյը» մեկ այլ պայմանագիր է կնքել ռուսաստանյան ինքնաթիռաշինական «ՄիԳ» կորպորացիայի հետ անօդաչուների ստեղծման համար։

Նկատենք, որ  ռուսաստանյան կողմն արդեն տևական ժամանակ է, ինչ աշխատում է հինգերորդ սերնդի սեփական կործանիչի ստեղծման վրա։ Մինչ օրս արտադրվել է Տ-50-ի հինգ օրինակ։ Իր առաջին թռիչքը կործանիչը կատարել է 2010-ին։ Մինչև 2016-ը նախատեսվում է այն դուրս բերել սերիական արտադրության և մատակարարել ռազմաօդային ուժերին։ Ինքնաթիռի թևի բացվածքը 14 մ է, բարձրությունը՝ 4.8 մ, առավելագույն արագությունը՝ 2600 կմ/ժ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *