Հայաստանյան զորախումբը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ՀԱՊԿ զորավարժությանը

Հայաստանի խաղաղապահ ուժերից կազմված զորախումը 2014-ի հուլիսի 27-ին ժամանել է Ղրղզստան՝ Կանտ ավիաբազա՝ մասնակցելու ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2014» զորավարժությանը։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի պաշտպանության նախարարության կայքը։

Հայաստանյան զորախումբը Կանտ ավիաբազայում

Հայաստանյան զորախումբը Կանտ ավիաբազայում

Հայաստանից բացի, զորավարժությանը մասնակցելու են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զորախմբերն իրենց անձնակազմով ու զրահատեխնիկայով։ Վարժանքները կանցնեն 3 փուլով, որոնցից առաջինի ընթացքում զորավարժությունը կղեկավարի ՀԱՊԿ ուժերի միացյալ շտաբը, իսկ հաջորդող փուլերն արդեն կլինեն Ղրղզստանի ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատարության ներքո։

Վարժանքների ընթացքում խաղաղապահ ստորաբաժանումները կիրականացնեն պետական կարևորության օբյեկտների պահպանություն, մարդասիրական բեռների ուղեկցում և զանգվածային անկարգությունների զսպում։ Առաջադրանքների զգալի մասը նախատեսվում է անցկացնել լեռնային տեղանքում։

Նշենք, որ «Անխախտ եղբայրություն 2014»-ի ընթացքին կհետևեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդամ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև Ղրղզստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ռազմական կցորդներ։

Հավելենք, որ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունն անցկացվում է երրորդ անգամ։ 2012-ին այն ընթացավ Ղազախստանում, իսկ նախորդ տարի՝ Ռուսաստանում։

ՀԱՊԿ-ն (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ռազմաքաղաքական բլոկ է, որին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Պայմանագիրը ենթադրում է ռազմական աջակցության ցուցաբերում՝ անդամ երկրներից որևէ մեկի հարձակման ենթարկվելու դեպքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *