ՌԴ ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմի շարքերը բոլորովին վերջերս համալրած «885 Յասեն» նախագծի «Սևորոդվինսկ» ատոմային սուզանավը 2014-ի հուլիսի 28-ին լքել է նավատորմի՝ Սևերոմորսկ քաղաքում տեղակայված գլխավոր ռազմակայանն ու ուղևորվել Սպիտակ ծով։ Սա լինելու է սուզանավի առաջին նավարկությունը շահագործման անցնելուց ի վեր։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը։
Սպիտակ ծովի ավազան դուրս գալուց հետո «Սևորոդվինսկի» անձնակազմը պետք է կատարի մարտական պատրաստության մի շարք առաջադրանքներ, որոնց հաջող ավարտից հետո միայն սուզանավին թույլ կտան ստանձնել մարտական հերթապահություն։
Նշենք, որ «Սևերոդվինսկ» 4-րդ սերնդի ատոմային սուզանավի կառուցմանը հիմք է դրվել դեռևս 1993-ին։ Այն ջուրն են իջեցրել 2010-ին, իսկ 2014-ի հունիսի 17-ին կայացավ սուզանավի հանձնումը շահագործման ՌԴ ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմին։ Այս կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ հայտնի դարձավ, որ սուզանավը համալրելու է նավատորմի հակաավիակիրային դիվիզիան։
«885 Յասեն» նախագծի սուզանավի անձնակազմը 90 հոգի է, առավելագույն արագությունը՝ 55 կմ/ժ, սուզման առավելագույն խորությունը՝ 700 մետր։ Սպառազինությունում սուզանավն ունի տորպեդներ, ինչպես նաև հականավային ու նավ-մակերևույթ դասի հրթիռներ: Մեկ սուզանավի արժեքն է շուրջ 890 միլիոն ամերիկյան դոլար:
Հավելենք, որ մինչև 2020 թվականը ՌԴ ռազմածովային ուժերի շահագործմանը նախատեսվում է հանձնել «885 Յասեն» նախագծի 6 սուզանավ։