Իսրայելը դադարեցրել է ակտիվ գործողությունները Գազայում, սակայն հրթիռակոծումը շարունակվում է

Իսրայելի պաշտպանության բանակը կասեցրել է իր ակտիվ գործողությունները Գազայի հատվածում, սակայն դրանք կարող են վերսկսվել ցանկացած պահի, երբ «պաղեստինյան կողմն ագրեսիա կցուցաբերի»։

Իսրայելական տանկերը Գազայի հատվածում

Իսրայելական տանկերը Գազայի հատվածում

Այս մասին տեղեկացնում է  «Ռոյթերս»  լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ այնուհանդերձ, թունելների չեզոքացման գործողությունները շարունակվում են։ ՀԱՄԱՍ-ից իրենց հերթին հայտարարել են՝ ներկայիս հրադադարն ընդամենը «մարտավարական դադար է», իրենք կրակի դադարեցման առնչությամբ որևէ պատասխանատվություն չեն ստանձնել։ Իսրայելական կողմը նաև հաղորդել է՝ գիշերը հանգիստ է եղել, Գազայի հատվածից իրենց ուղղությամբ արձակվել է լոկ մեկ հրթիռ, իսկ առավոտյան ժամերին իսրայելցիներն են երեք հրթիռ արձակել։ Պաղեստինյան կողմն արդեն տեղեկացնում է 1036 սպանվածի, 3.6 հազար վիրավորի մասին Գազայի հատվածում։ Իսրայելցիները վկայում են, որ երեք շաբաթ տևած գործողության հետևանքով չեզոքացրել են 320 զինյալի։ Իսրայելը պաշտոնական տվյալներով կորցրել է 43 զինծառայողի, ավելի քան 500-ն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Նկատենք, որ հրադարարը պայմանավորված էր ՄԱԿ-ի ընդունած բանաձևով, որից դժգոհել են թե´ Իսրայելը, թե´ ՀԱՄԱՍ-ը։ Բանաձևի համաձայն՝ կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը, պետք է կազմակերպվի տուժածներին համապատասխան օգնության ցուցաբերումը։ Պաղեստինյան կողմն այս որոշումն «ուշացած» է որակել, իսկ Իսրայելը դժգոհել է, թե ինչու բանաձևում ՀԱՄԱՍ-ը բնութագրված չէ որպես ահաբեկչական և ինչու չկա նկարագրություն «Իսրայելի խաղաղ բնակչության դեմ ՀԱՄԱՍ-ի գործողությունների»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 21-ին հայտարարել էր՝ ԱՄՆ-ն պատրաստ է մոտ 47 մլն ամերիկյան դոլարի մարդասիրական օգնություն հատկացնել Գազայի հատվածի բնակիչներին։

Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։

Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ ՀԱՄԱՍ-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։

Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ էին իրականացրել, որոնք արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են ՀԱՄԱՍ-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։

Բացի այդ, ձերբակալվել էին 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել էին մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *