Հայ Առաքելական Եկեղեցին հուլիսի 27-ին տոնեց հինգ տաղավար տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այդ տոնի խորհրդին ընդառաջ ՀՀ զինված ուժերի կենտրոնական տեղակայության զորամասերից երկուսի հոգևոր սպասավորներ Սարգիս սարկավագ Գալամդարյանը և Վոլոդյա սարկավագ Նաջարյանը առավոտյան հանդիպեցին զորամասերի բոլոր զինծառայողներին և օրվա խորհրդին հաղորդակից դարձրին:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունից, սարկավագ հայրերի ուղեկցությամբ մի շարք զինծառայողներ ուղևորվեցին Աբովյանի Սուրբ Հովհաննես Եկեղեցի՝ մասնակցելու պատարագին: Մինչ եկեղեցի հասնելը, զինվորները հոգևոր սպասավորների հետ միասին ազգային-հայրենասիրական, հոգևոր երգեր երգելով հասան եկեղեցի: Սարկավագ հայրերը, կարևորելով օրվա խորհուրդը, առաջարկեցին զինվորներին պատարագի ընթացքում անհատապես աղոթք բարձրացնել հայրենի երկրի սահմանների խաղաղության և զինվորների առողջ ու անվտանգ ծառայության համար: