Հինգերորդ սերնդի չինական երկրորդ կործանիչը

2010 թվականի դեկտեմբերի վերջին համացանցում հայտնվեցին չինական 5-րդ սերնդի կործանիչ ինքնաթիռի առաջին, ոչ պաշտոնական լուսանկարները։ Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ ինքնաթիռի անվանումը` «Chengdu J-20»: Երկու շաբաթ անց, 2011 թվականի հունվարի 11-ին ինքնաթիռն առաջին անգամ օդ բարձրացավ, և այդպիսով Չինաստանը դարձավ երրոդ պետությունն ԱՄՆ-ից և Ռուսաստանից հետո, որը կարողացել է ստեղծել 5-րդ սերնդի կործանիչ։ Սակայն հնարավոր է, որ Չինաստանը չի պատրաստվում սահմանափակվել 5-րդ սերնդի մեկ ինքնաթիռով։ Այդպիսի ենթադրություն անելու հիմք են տալիս օրեր առաջ չինական կայքերից մեկում տեղադրված լուսանկարները, որոնցում պատկերված է 5-րդ սերնդի նոր ինքնաթիռի մոդել։

Լուսանկարներն ըստ չինական ռազմական ֆորումներից մեկի հաղորդագրությունների արվել են սեպտեմբերի 11-ին։ Դատելով մոդելի վրա արված գրառումներից և ապրանքանիշերից` ինքնաթիռը մշակվում է Շենյանգի ինքնաթիռաշինական կորպորացիայի կողմից և կոչվում է «F-60»։ Առայժմ պարզ չի, թե արդյո՞ք «Shenyang F-60-ը» լինելու է «Chengdu J-20-ի» մրացակից, թե՞ Չինաստանը մտադիր է զինվել միաժամանակ երկու ինքնաթիռներով էլ։ Վերջին դեպքում հնարավոր է, որ ինքնաթիռներից մեկը լինելու է թեթև կործանիչ, մյուսը` ծանր։ Պարզ չի նաև, թե որ փուլում է գտնվում F-60-ի մշակումը և ե՞րբ նրա նախատիպը օդ կբարձրանա։

Ուշագրավ է նաև, որ լուսանկարներում պատի վրա փակցված պաստառներից մեկի վրա երևում է, ենթադրաբար, անօդաչու թռչող սարքի նկար։ Վերջին շրջանում Չինաստանն ակտիվացրել է սեփական անօդաչու թռչող սարքերի մշակմանն ուղղված աշխատանքները, ընդ որում նախատեսվում է արտադրել ոչ միայն հետախուզական-տեղեկատվական այլև հարվածային բնույթի անօդաչու թռչող սարքեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *