Վենեսուելան մտադիր է նոր սպառազինություն գնել Ռուսաստանից ու Չինաստանից

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ իր երկիրը պատրաստվում է նոր սպառազինություն գնել Ռուսաստանից ու Չինաստանից: Այս մասին տեղեկացնում է վենեսուելական Noticias24.com կայքը:

Երկրի նախագահի խոսքով՝ ինքն արդեն բանակցություններ է ունեցել իր ռուսաստանյան գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի ու Չինաստանի ներկայացուցիչ Սի Ցզինպինի հետ, որոնց արդյունքում կողմերը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն

Մադուրոն, սակայն, չի հայտնել, թե կոնկրետ ինչ սպառազինության մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ 2014-ի ապրիլին Վենեսուելան Ռուսաստանից ստացավ 12 միավոր զրահափոխադրիչներ, որոնք նախատեսված էին 2009-ի երկու կողմերի կնքած պայմանագրով: Պայմանագրով նախատեսված էր ոչ միայն 100-ից ավելի զրահափոխադրիչների, այլև հակաօդային պաշտպանության միջոցների ու այլ սպառազինության փոխանցում:

Ավելացնենք, որ ներկայում Վենեսուելային սպառազինություն ու ռազմական տեխնիկա մատակարարելու ծավալի տեսանկյունից առաջին երկիրը Ռուսաստանն է: Ըստ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տվյալների՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունները 2005-2012 թվականների ընթացքում Վենեսուելային են տրամադրել շուրջ 4,75 մլրդ ամերիկյան դոլարի սպառազինություն, որն այս երկրի սպառազինության գնումների շուրջ 64 տոկոսն է:

Վենեսուելայի՝ արտասահմանյան երկրներից գնած սպառազինության շուրջ 7,33 մլրդ ամերիկյան դոլարից ևս 1,55 մլրդ դոլարը բաժին է ընկնում Իսպանիային (21,1 տոկոս) ու Չինաստանին՝ 681 մլն ամերիկյան դոլար (9,3 տոկոս): Բացի նշված երեք երկրներից, Վենեսուելան ընդհանուր շուրջ 350 մլն ամերիկյան դոլարի սպառազինություն է գնել ևս 8 երկրներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *