Իսրայելի բանակը պատրաստվում է գործողության նոր փուլի Գազայի հատվածում

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը հայտարարել է՝ իրենք պատրաստվում են «Պաշտպանության սահման» գործողության նոր փուլի մեկնարկի Գազայի հատվածում, սակայն միաժամանակ վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստովանել է՝ չկա հարյուր տոկոս համոզվածություն Գազայի հատվածում իսրայելական գործողության հաղթանակի առնչությամբ։

Իսրայելի տանկերը Գազայի հատվածում

Իսրայելի տանկերը Գազայի հատվածում

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, ՀԱՄԱՍ-ի անդամները Իսրայելի վարչապետի խոսքերը մեկնաբանել են որպես «իսրայելական կողմի՝ սեփական պարտությունն ընդունելու ցուցիչ»։ Միևնույն ժամանակ պաղեստինյան աղբյուրները տեղեկացրել են՝ հուլիսի 24-ին Գազայի տարբեր հատվածներում բախումների հետևանքով սպանվել է 6 իսրայելցի զինծառայող։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է դրանցից 3-ի մահվան դեպքը։ Գազայի հատվածից հայտնում են նաև 681 սպանվածների, նրանց շարքում՝ 166 երեխա, 67 կին, 4.5 հազար վիրավորների մասին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պահանջել է անհապաղ մարդասիրական միջանցքներ բացել, որոնք թույլ կտան տարհանել Գազայի հատվածում վիրավորներին և դեղորայք հասցնել։

Ամերիկյան The Washington Post պարբերականն էլ իր հերթին տեղեկացնում է՝ ենթադրաբար իսրայելական կողմից արձակված հրթիռն ընկել է Գազայի հատվածում ՄԱԿ-ի կողմից հովանավորվող դպրոցի վրա։ Արդյունքում 16 հոգի մահացել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Իսրայելի պաշտպանության բանակը չի ընդունում իր մեղքը, հավաստիացրել է միայն, որ հետաքննություն է սկսում միջադեպի մանրամասները պարզելու նպատակով։ Դպրոցի հրթիռակոծումը հանգեցրել է վերջին տարիների ընթացքում Գազայի հատվածում պաղեստինցիների ամենամասշտաբային բողոքի ցույցի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դպրոցին հասցված հարվածը բնորոշել է որպես «ռազմական հանցագործություն»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 21-ին հայտարարել էր՝ ԱՄՆ-ն պատրաստ է մոտ 47 մլն ամերիկյան դոլարի մարդասիրական օգնություն հատկացնել Գազայի հատվածի բնակիչներին։

Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։

Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ ՀԱՄԱՍ-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։

Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ էին իրականացրել, որոնք արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են ՀԱՄԱՍ-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։

Բացի այդ, ձերբակալվել էին 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել էին մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *