Ավստրալական ստորաբաժանումները Դոնբասում. Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 25

Ուկրաինայի հարավ-արևելքում ապրիլից շարունակվում են մարտերն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Ներկայում հիմնական զարգացումները Լուգանսկի և Դոնեցկի մերձակայքում են։ 

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուկրաինական խոցված գրոհիչի ֆյուզելյաժի մասն ապստամբների ոտքերի տակ

Ուկրաինական խոցված գրոհիչի ֆյուզելյաժի մասն ապստամբների ոտքերի տակ

22։00-Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քաղաքական ազդեցիկ ուժերից մեկի՝ Սպրավեդլիվայա Ռոսիյա (Справедливая Россия) կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի նկատմամբ։ Նրան մեղադրում են Դոնբասում կռվող ապստամբներին նյութական աջակցություն ցույց տալու համար։

21:00-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում թողարկվել է հատուկ մեդալ, որով պարգևատրելու են Սլավյանսկ քաղաքի պաշտպանությանը (պաշարմանը) մասնակցած մարտիկները։ Մեդալին տրվել է «Սլավյանսկի պաշտպանության համար» (ռուս.՝ За оборону Славянска) անվանումը։

Սլավյանսկի պաշտպանության համար տրվող մեդալ

Սլավյանսկի պաշտպանության համար տրվող մեդալ

19։50-Ուկրաինայի ֆինանսների նախարար Վլադիմիր Մատվիյչուկը հայտարարել է, որ երկրում հնարավոր է սահմանվի ռազմական հարկ, ինչը կենթադրի ազգաբնակչության եկամուտների հավելյալ 1.5 տոկոսի գանձում՝ պատերազմող բանակի ծախսերը հոգալու համար։ Մատվիյչուկը նշել է սակայն, որ այս հարցը քննարկումների լուրջ փուլ պետք է անցնի։

18։40-Դոնեցկի շրջանի Գորլովկա քաղաքում կռվող ապստամբները հայտարարել են՝ իրենց հաջողվել է խոցել ուկրաինական բանակի տանկերից մեկը, որը մասնակցում էր քաղաքի գրոհին։ Նշենք, որ Գորլովկային տիրանալու համար վերջին ժամերին թեժ մարտեր են ծավալվել ուժայինների և ապստամբների միջև։

17:35-համացանցում հայտնվել է տեսանյութ՝ արված ուկրաինական բանակի 72-րդ մեխանիզացված բրիգադի ստորաբաժանումների զգալի մասի ոչնչացման վայրում։

16:50-Համացանցումհայտնվել է տեսանյութ, որում ուկրաինական բանակի 72-րդ մեխանիզացված բրիգադի մարտիկները պատմում են ռազմական գործողությունների ընթացքի, ինչիպես նաև այն մասին, թե ինչպես էր իրենց ստորաբաժանումն ընկել ապստամբների շրջափակման մեջ։

16։00-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է վերջերս տարածվող այն տեղեկությունը, թե մալայզիական օդանավը սխալմամբ խոցել են բանակայինները՝ ՀՕՊ զորավարժության ընթացքում։ Պաշտպանական գերատեսչությունից նշել են, որ այդ ժամանակահատվածում զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն ընդհանրապես չեն անցկացրել որևէ վարժանքներ։

15։20-Ավստրալիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստվում է Ուկրաինա ուղարկել ոստիկանական ստորաբաժանումների ևս 100 աշխատակից, ովքեր կհսկեն մալայզիական օդանավի կործանման տարածքը։ Ավելի վաղ Ավստրալիան այս նպատակով արդեն իսկ ուղարկել էր 90 ոստիկան։ Նշենք, որ Ուկրաինան ինքն էր դիմել այն բոլոր երկրներին, ում քաղաքացիները զոհվել են միջադեպի հետևանքով՝ աջակցել վթարի գոտու պահպանման գործում։

14։35-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն լրատվամիջոցերին հայտնել է, որ օրեր առաջ խոցված 2 միավոր Սու-25 գրոհիչների օդաչուներին հայտնաբերել են։ Նրանք չեն գերևարվել և շուտով կլինեն Կիևում։

14։00-Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Ուկրաինային ապստամբների դեմ «Գռադ» ՀԿՌԿ կիրառելու համար, փոխանցում են ռուսաստանյան աղբյուրները։ Իրավապաշտպանները քննադատել են, որ ուկրաինացի ուժայինները կայաններն օգտագործել են բնավակայրերում։

13։50-Լուգանսկի ինքնահռչակ քաղաքային խորհուրդը տեղեկացրել է, որ ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով օրերս 2 խաղաղ բնակիչ է զոհվել, 9 հոգի էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Բացի այդ, գործողությունների հետևանքով քաղաքում տասնյակ շինություններ են վնասվել։

13։10-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ տվել է ցուցում՝ մալայզիական օդանավի կործանման վայրում արված արբանյակային լուսանկարները փոխանցել հետաքննությունն իրականացնող մարմնին, որն աշխատում է վթարի հետևանքները պարզելու ուղղությամբ։ Պորոշենկոն նշել է, որ այդ լուսանկերներում պատկերված են նաև ինքնաթիռի այնպիսի մասեր, որոնք ընկել են ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում և հասանելի չեն ուսումնասիրման համար։

12:25-Դոնեցկի շրջանի՝ ապստամբների հսկողության տակ գտնվող Գորլովկա քաղաքի ղեկավարությունը շրջանում ընթացող ինտենսիվ ռազմական գործողությունների կապակցությամբ քաղաքում տրանսպորտային միջոցների համար սահմանել է պարետային ժամ։ Այսուհետ, ժամը 21։00-ից մինչև 07։00-ն արգելվում է ցանկացած տիպի տրանսպորտի և ավտոմեքենաների տեղաշարժը փողոցներում։

11։40-Դոնեցկում գիշերը շարունակվել են մարտերը։ Ուկրաինական կողմը հրետակոծել է մի շարք բնակավայրեր, որտեղ ամրացած են ապստամբները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *