2014-ի հուլիսի 18-ին Վերդե ծոցում համատեղ մանևրելու ժամանակ բախվել են Չիլիի դիզելային-էլեկտրական SS 22 General Carrera սուզանավը և Չիլիի FF 06 Almirante Condell ֆրեգատը: Զոհեր և վիրավորներ չկան։Բախման հետևանքով թե´ սուզանավը, թե´ նավը լուրջ վնասվածքներ են ստացել։
Ինչպես հաղորդում է Defensa.com ռազմական լրատվական կայքը, սուզանավը վնասել է առաջամասը և հորիզոնական ղեկերը, իսկ նավը՝ ստորին հատվածը։
Ըստ աղբյուրի՝ բախումից հետո երկու նավերն էլ ուղղվել են դեպի ափ՝ ստացած վնասները գնահատելու նպատակով։
Սուզանավին օգնություն ցույց տալու նպատակով դեպքի վայր է ժամանել նախկին շվեդական ականային արգելակիչ նավը՝ Älvsborg-ը, որն այժմ Չիլիի ռազմածովային ուժերի կազմում է և կրում է 42 Almirante Merino անունը։
Älvsborg-ի միջոցով սուզանավը հասել է Տալկաուանո ռազմածովային կայան, որտեղ էլ պետք է վերանորոգում անցնի Astilleros y Maestranzas de la Armada (ASMAR) ընկերության նավաշինարանում։ Ինչ վերաբերում է Almirante Condell ֆրեգատին, որը նախկինում համալրել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը՝ կրելով Marlborough անունը, այն ինքնուրույն հասել է Վալպարասիո։
Ակնկալվում է, որ առաջիկայում ֆրեգատը ևս կուղևորվի դեպի Տալկաուանոյի կայան՝ որոշակի վերանորոգում անցնելու համար։
SS 22 General Carrera սուզանավի զանգվածը 1525 տոննա է, երկարությունը՝ 66.4 մ, լայնությունը՝ 6.2 մ, կրում է 18 հատ տորպեդ, անձնակազմը՝ 31 հոգի, առավելագույն արագությունը՝ 21.5 հանգույց (39.8 կմ/ժ)