Հաղթելու ենք, որովհետև շատ ենք պատրաստվել․ Տանկային բիաթլոն-2014-ի հայ մասնակից

Միջազգային տանկային բիաթլոնի մասնակիցներին ընտրելու համար Հայաստանի զինված ուժերում երկու փուլով մրցումներ են անցկացվել, որոնց ընթացքում էլ հայտնի են դարձել Հայաստանի 4 լավագույն տանկային անձնակազմերը։ Հենց նրանք էլ երկրի  զինված ուժերը կներկայացնեն միջազգային մրցույթում:

Տանկային բիաթլոնի հայ մասնակիցները։ Ձախից՝ հայաստանյան առաջին տանկային անձնակազմի մեխանիկ-վարորդ շարքային Գագիկ Գևորգյանը

Տանկային բիաթլոնի հայ մասնակիցները։ Ձախից՝ հայաստանյան առաջին տանկային անձնակազմի մեխանիկ-վարորդ շարքային Գագիկ Գևորգյանը

Հայաստանի լավագույն տանկիստներից է շարքային Գագիկ Գևորգյանը՝ Հայաստանը ներկայացնող առաջին տանկային անձնակազմի մեխանիկ-վարորդը, ում հետ զրուցեցինք մրցույթին պատրաստվելու համար Մոսկվա մեկնելու նախօրեին: Վանաձորցի զինծառայողը պատմեց, որ մինչ ծառայությունը երբեք չի մտածել տանկիստ դառնալու մասին: Սակայն ծառայության անցնելով Արցախի տանկային զորամասերից մեկում` անմիջապես հավանել է այս զորատեսակը, որովհետև տանկիստ լինելը, նրա խոսքով, հեշտ բան չէ:

Գագիկը պատմում է, որ հայկական զինված ուժերի տանկային անձնակազմերը երկու փուլով են մրցել լավագույն 4 անձնակազմերի՝ երեք հիմնական ու մեկ պահեստային անձնակազմերի շարքում լինելու համար, սակայն քառյակում լինելու պատիվը ստացան հիմնականում Պաշտպանության բանակի հենց իրենց զորամասի տանկիստները, որոնք էլ կազմեցին 3 հիմնական տանկային անձնակազմերը։

Թեև Գագիկը նշում է, որ ուրախ է, որ իրենց զորամասից են լավագույն տանկիստները, բայց տարբերություն չի դնում զորամասերի միջև, որովհետև, ինչպես ինքն է ասում, «բոլորս էլ հայ ենք ու մեր հայրենիքին ենք ծառայում»։

Նախորդ տարվա միջազգային տանկային բիաթլոնից հետո մեր տանկիստները անընդհատ սպասել ու պատրաստվել են այս տարվա առաջնությանը։ Լավագույն մեխանիկ-վարորդ Գագիկ Գևորգյանը նշեց, որ իր ու ծառայակիցների նման հաջողությունների համար պարտական է հատկապես իրենց գումարտակի հրամանատար փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանին, որը ջանք ու եռանդ չի խնայել տանկիստներին մարզելու համար։

Տանկիստները, իմանալով վարժությունները, ամիսներ շարունակ ակտիվորեն պատրաստվել են թե՛ տանկային և թե՛ ֆիզիկական վարժություններին, որովհետև բիաթլոնի մրցույթներից մեկն էլ անձնակազմի ֆիզիկական պատրաստությունն է ստուգում։

Շարքային Գևորգյանը նշում է, որ չնայած կարող է տպավորություն լինել, թե միջազգային մակարդակով անցկացվող մրցույթում Հայաստանի հաղթելու շանսերը քիչ են, բայց ինքը վստահ է՝ իրենք այնպես են պատրաստվել, որ շատ բարձր արդյունքներ են գրանցելու։ Դրան նպաստելու է նաև այն, որ մեր զինծառայողները ժամկետայիններ են, ավելի երիտասարդ են, քան մյուս երկրների պայմանագրային ծառայողները։

Գագիկի Գևորգյանի ծառայակիցները՝ Արցախի տանկային զորամասի զինծառաողները

Գագիկի Գևորգյանի ծառայակիցները՝ Արցախի տանկային զորամասի զինծառաողները

Տանկիստներն արդեն ծանոթ են տանկային բիաթլոնի բոլոր վարժություններին, բոլոր վարժություններին պատրաստվել են։ Պատրաստվելու են նաև Մոսկվայում, ուր կմեկնեն առաջիկա օրերին՝ վերջերս Ռուսաստանի ներկայացրած նոր տանկերին ծանոթանալու, դրանց վարժվելու, բիաթլոնի երթուղիներին ծանոթանալու համար։

Ու թեև տանկիստն ընդունում է, որ մրցույթի կազմակերպիչը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է, ռուսաստանյան կողմն է որոշում կանոնները, ըստ այդմ՝ ռուսաստանցիները ֆավորիտներից են համարվում, սակայն առանց որևէ երկրի տանկիստների թերագնահատելու, Գագիկ Գևորգյանը վստահորեն ասում է՝ հայաստանցի տանկիստները հաղթելու են, որովհետև շատ են պատրաստվել, շատ են պարապել ու շատ են չարչարվել։

Ավելացնենք, որ արդեն հայտնի են միջազգային տանկային բիաթլոնի ժամանակացույցն ու բոլոր մյուս մանրամասները։ Ըստ այդմ՝ առաջնությունն անցկացվելու է 5 փուլով օգոստոսի 4-ից 16-ը։

3 responses to “Հաղթելու ենք, որովհետև շատ ենք պատրաստվել․ Տանկային բիաթլոն-2014-ի հայ մասնակից

  1. Pingback: Տանկային բիաթլոն-2014: Առաջին օրվա արդյունքներով Հայաստանի անձնակազմը երկրորդ տեղում է | Ռազմ.info

  2. Pingback: Պարո´ն նախարար, Ձեր առաջադրանքը կատարված է. զեկուցում է տանկային հավաքականի հրամանատարը | Ռազմ.info

  3. Pingback: Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *