Ճապոնիայի կառավարությունը մտադիր է Saga քաղաքացիական օդանավակայանը համատեղ օգտագործման համար տրամադրել նաև երկրի պաշտպանության նախարարությանը, որն այնտեղ տեղակայելու է ամերիկյան MV-22 Osprey կոնվերտոպլաններ: Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:
Օդանավակայանում ճապոնական կողմը մտադիր է տեղակայել 17 միավոր կոնվերտոպլաններ, որոնք Ճապոնիան ենթադրաբար ձեռք է բերելու սեփական զինված ուժերի համար: Թեև կոնվորտոպլաններ գնելու Ճապոնիայի ծրագիրը հստակ չէ, սակայն դեռևս 2013-ի դեկտեմբերին խոսակցություններ կային ճապոնական ղեկավարության նման մտադրության մասին:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր էր գնել հենց 17 միավոր Osprey կոնվերտոպլաններ, իսկ ամերիկյան կողմը հաստատել էր, որ մատակարարման վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Սակայն պայմանագրի վիճակի մասին հետագայում տեղեկություններ չկային:
Այսպիսով, ճապոնական պաշտպանության նախարարությունը հավանական գնումը (գուցե նաև լիզինգային վարձակալումը) մտադիր է իրականացնել 2014-2018 թվականներին: Իսկ կոնվերտոպլանների հետ հարակից տարածքում ծառայություն կիրականացնեն Ճապոնիայի զինված ուժերի 3000-հոգանոց առափնյա գունդ:
Ավելացնենք, որ ամերիկա-ճապոնական բանակցություններին համընթաց ԱՄՆ զինված ուժերի կոնվերտոպլանները նաև վարժանքներ էին կատարում Ճապոնիայում՝ փորձելով ճապոնական օդանավակայաններում ու այլ վայրերում վայրեջքի ու թռիչքի հնարավորությունները:
Նշենք, որ կոնվերտոպլանն օդաչուավոր թռչող սարք է, որի պտուտակները շրջվող են ու կարող են հորիզոնական դիրքից անցնել ուղղահայաց դիրքի և հակառակը։ Դրա շնորհիվ կոնվերտոպլանը օդ է բարձրանում ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական թռիչքով։
V-22 Osprey ամերիկյան կոնվերտոպլանը ներկայում միակն է, որ սերիական արտադրության է: Դրանից բացի մի քանի ամերիկյան ու եվրոպական կոնվերտոպլաններ դեռ նախագծման ու փորձարկումների փուլում են։
Osprey-ն նախագծվել է շուրջ 30 տարի, իսկ սպառազինության վերցվել է 2005-ին։ Կոնվերտոպլանի անձնակազմը 3 կամ 4 մարդ է՝ կախված արդիականացումից, կարող է տեղափոխել մինչև 24 դեսանտային։ Կոնվերտոպլանի MV-22 տարբերակը նախատեսված է ռազմածովային ուժերի համար:
Կոնվերտոպլանի զանգվածը 15 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 24-26 տոննա։ 2 շարժիչների ընդհանուր հզորությունը 12.300 ձիաուժ է, ինչի շնորհիվ կոնվերտոպլանը «ուղղաթիռային» ռեժիմում զարգացնում է մինչև 185 կմ/ժ արագություն, «ինքնաթիռային» ռեժիմում՝ 580 կմ/ժ։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 7,6 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ մոտ 2600 կմ։
Osprey կոնվերտոպլանի մոտավոր գինը 66 մլն ԱՄՆ դոլար է։ Ներկայումս այն ընդգրկված է միայն ԱՄՆ սպառազինության մեջ։