Ուկրաինայում «վերակենդանացնում են» Տ-64Բ տանկերը

Ուկրաինայում՝ Խարկովի տանկաշինական/նորոգման գործարաններից մեկի տարածքում հավաքված խորհրդային/ուկրաինական Տ-64Բ տանկերը ներկայում վերանորոգման են վերցրել ու ոչ միայն նորոգում, այլև որոշակիորեն արդիականացնում են դրանք:

«Զրահատեխնիկայի գերեզմանոցը» Խարկովում (Ուկրաինա)

«Զրահատեխնիկայի գերեզմանոցը» Խարկովում (Ուկրաինա)

Andrei-bt.livejournal.com բլոգը հայտնում է, որ այսպես կոչված «տանկերի գերեզմանից», որտեղ զրահատեխնիկան երկար ժամանակ լքված էր մնում, տանկերը դուրս են բերում, դրանք լրիվ քանդում ու նորից են հավաքում, ինչը թույլ է տալիս ոչ միայն ժանգից մաքրել ու կարգի բերել դրանք, այլև որոշակի լուծումներով արդիականացնել Տ-64Բ տանկերը:

Այսպես, տանկերի արդիականացման արդյունքում մասնակիորեն փոփոխվել են տանկերի պաշտպանական տարրերը: Մասնավորապես դինամիկ զրահով փակվել են ոչ միայն տանկերի աշտարակների առաջամասերն, այլև կողային հատվածները: Իսկ տանկերի իրանների կողային հատվածները հավելյալ պաշտպանական զրահաշերտերով փակվել են մինչ տանկի հետնամասն ընկած հատվածը:

Տանկերի վրա չի փոփոխվել կրակի կառավարման համակարգը, ինչը, ըստ աղբյուրի, թեև կատարյալ չէ, բայց կգոհացնի, օրինակ, աֆրիկյան երկրների գնորդներին:

Ուկրաինայում արդիականացված («վերակենդանացված») Տ-64Բ տանկեր

Ուկրաինայում արդիականացված («վերակենդանացված») Տ-64Բ տանկեր

Ավելացնենք, որ Տ-64 տանկերը Խարկովում (Ուկրաինա) նախագծվել ու ստեղծվել են մինչև խորհրդային Տ-72 տանկերի ստեղծումը: ԽՍՀՄ-ում երկու տանկերն էլ ընդունվել են սպառազինության, սակայն հետագայում գերակշռող են դարձել Տ-72-ները:

Տ-64 տանկի վաղ տարբերակը նախագծվել է որպես միջին տանկ: Հետագայում ԽՍՀՄ սպառազինության մեջ ընդունված Տ-64Ա տարբերակը եղել է հիմնական մարտական տանկ:

Տանկը զինված է 125 մմ հարթափող թնդանոթով, ինչպես նաև 12,7 մմ ու 7,62 մմ գնդացիրներով, իսկ ներկայում Ուկրաինայում արդիականացվող Տ-64Բ տանկերի վրա տեղադրված են նաև կառավարվող սպառազինության (հակատանկային կառավարվող հրթիռների) տարրեր:

Տանկի վրա տեղադրված է 700 ձիաուժանոց շարժիչ, որը 38,5 տոննա զանգվածով տանկին թույլ է տալիս զարգացնել մինչև 60 կմ/ժ արագություն: Տանկի անձնակազմը 3 մարդ է: Արգելքների հաղթահարման տեսանկյունից Տ-64 տանկերի տվյալները համեմատելի են Տ-72 տանկի տվյալների հետ:

One response to “Ուկրաինայում «վերակենդանացնում են» Տ-64Բ տանկերը

  1. Pingback: Կոնգոյի ԴՀ համար նախատեսված տանկերը՝ Ուկրաինայի ազգային գվարդիային | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *