ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Իսրայել՝ Գազայի հատվածում իրավիճակը քննարկելու

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնել է Թել-Ավիվ ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռներից մեկով, մինչդեռ ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային ծառայությունը ժամեր առաջ արգելք է սահմանել Իսրայելի օդային տարածքում ամերիկյան օդուժի թռիչքների վրա։ Քերին ծրագրում է Իսրայելում հանդիպումներ ունենալ վարչապետ Բենյամին Նեթանյահուի, պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ։

Ջոն Քերին իջնում է ինքնաթիռից Թել-Ավիցում. լուսանկարը՝ AP լրատվական գործակալությանը

Ջոն Քերին իջնում է ինքնաթիռից Թել-Ավիվում. լուսանկարը՝ AP լրատվական գործակալությանը

Այս մասին հաղորդում է The Washington Post ամերիկյան պարբերականը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն, ինչպես և եվրոպական մի շարք ավիաընկերություններ, անվտանգության նկատառումներից ելնելով, 24 ժամվա արգելք են սահմանել Իսրայելի օդային տարածքներում թռիչքների վրա։ Պատճառը հուլիսի 22-ին գրանցված միջադեպն է, երբ Բեն-Գուրիոն միջազգային օդակայանից 14 կմ հեռավորության վրա տեղակայված բնակելի տան վրա պաղեստինյան կողմից արձակված հրթիռ է ընկել։

Հավելենք, որ իսրայելական կողմի տվյալներով՝ միայն հուլիսի 22-ին պաղեստինյան կողմն Իսրայելի ուղղությամբ արձակել է 90 հրթիռ։  Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է զոհված զինծառայողների թիվը՝ սկսած հուլիսի 17-ից։ Այդ տվյալներով զոհվել է 29 իսրայելցի զինծառայող, տուժել է 150-ը։ Բացի այդ, Իսրայելի հավաստիացմամբ՝ սպանվել է 2 քաղաքացիական անձ, վիրավորվել են 400-ը։ Պաղեստինյան կողմի կորուստներն ավելին են. 640 սպանված, 3.8 հազար վիրավոր։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 21-ին հայտարարել էր՝ ԱՄՆ-ն պատրաստ է մոտ 47 մլն ամերիկյան դոլարի մարդասիրական օգնություն հատկացնել Գազայի հատվածի բնակիչներին։

Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։

Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ ՀԱՄԱՍ-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։

Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ էին իրականացրել, որոնք արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են ՀԱՄԱՍ-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։

Բացի այդ, ձերբակալվել էին 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել էին մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *