Հնդկաստանն ավարտել է առաջարկված 4 հաուբիցների փորձարկումները

Հնդկաստանի ցամաքային զորքերն ավարտել են երկրի զինված ուժերի հայտարարած 155 մմ ինքնագնաց հաուբիցների մրցույթին մասնակցող 4 հաուբիցների փորձարկումները: Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Վերջինը եղել են նորոգման ու սպասարկման փորձարկումները, որոնցից առաջ հնդկաստանյան զինված ուժերում հաուբիցները փորձարկել էին ամառային ու ձմեռային եղանակային պայմաններում՝ համապատասխանաբար Ռաջաստան անապատում 2013-ի կեսերին ու Հիմալայան լեռներում 2013-ի սկզբին:

Ներկայում փորձարկումներն անցած 4 հաուբիցներն առաջարկող ընկերությունների ներկայացուցիչները սպասում են Հնդկաստանի զինված ուժերի ղեկավարության վերջնական գնահատականներին, ինչը, սակայն, հստակ չէ, թե երբ կլինի:

«Մստա-Ս» ինքնագնաց հաուբից ցուցադրական ելույթի ժամանակ։

«Մստա-Ս» ինքնագնաց հաուբից ցուցադրական ելույթի ժամանակ։

Նշենք, որ փորձարկումների մասնակից մեկական հաուբիցներ ներկայացրել էին ֆրանսիական Nexter Systems (Trajan քարշակվող հաուբից), իսրայելական Elbit Systems (ATHOS 2052 քարշակվող հաուբից), հարավկորեական Samsung Techwin (K9 Thunder ինքնագնաց հաուբից) ու ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտ» (2Ս19 «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից) ընկերությունները:

Դրանցից ֆրանսիական Nexter Systems ու հարավկորեական Samsung Techwin ընկերությունները ծրագրին մասնակցելու համար համատեղ ձեռնարկություն էին ստեղծել հնդկաստանյան Larsen & Tubro ընկերության հետ, իսկ իսրայելական Elbit Systems ու ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերությունները համատեղ ձեռնարկություններ էին ստեղծել համապատասխանաբար OFB (Ordnance Factory Board) ու Kalyani Group ընկերությունների հետ, որպեսզի կարողանային մասնակցել ինքնագնաց հաուբիցների մատակարարման մրցույթին:

Պատճառն այն է, որ Հնդկաստանի հայտարարած մրցույթի պայմաններից մեկն այն էր, որ արտասահմանյան ընկերությունները կարող են մասնակցել մրցույթին միայն հնդկաստանյան ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծելով ու աստիճանաբար հաուբիցների արտադրական տեխնոլոգիաները դրանց փոխանցելով:

Հաղթող ընկերությունները հնարավորություն կստանան Հնդկաստանի զինված ուժերին մատակարարել ինքնագնաց/քարշակվող հաուբիցներ, իսկ հետագայում դրանց արտադրության տեխնոլոգիաները կփոխանցեն Հնդկաստանին:

Նշենք, որ Հնդկաստանի զինված ուժերի հրետանու արդիականացման ծրագիրը ներկայացվել է դեռևս 1999-ին: Ըստ այդ ծրագրի՝ Հնդկաստանն ընդհանուր առմամբ մտադիր է մինչև 2027 թվականը այլ երկրներից գնել, ինչպես նաև տեղական ընկերությունների միջոցով արտադրել մոտ 3600 հաուբից՝ ներառյալ 155 մմ հաուբիցներ, որոնց փողի երկարություն կլինի ինչպես 52 տրամաչափ, այնպես էլ 39 տրամաչափ: Ծրագրի ամբողջ ծախսը Հնդկաստանը գնահատել է 6-8 մլրդ ամերիկյան դոլար:

Ավելացնենք, որ մինչ 155 մմ-անոց հաուբիցների ձեռքբերումը Հնդկաստանը մտադիր է գնել սեփական արտադրության Catapult Mk.2 անվավոր ինքնագնաց հաուբիցներ՝ որպես միջանկյալ տարբերակ։ Այս համակարգերը հնդկական զինված ուժերին կծառայեն այնքան ժամանակ, մինչև Հնդկաստանն արդեն զինված լինի 155 մմ-անոց հրետանիով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *