Քարվաճառում հուլիսի սկզբին ձերբակալված զինված ադրբեջանցիների խմբի անդամ Դիլգամ Ասքերովի նկատմամբ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով քրեական գործ է եղել հարուցված։ Նրան ձերբակալել են, սակայն առանց հիմնավորումների որոշ ժամանակ անց ազատ արձակել։ Ադրբեջանական լրատվակայքերը փորձել են մանրամասներ ճշտել պատկան մարմիններից, սակայն մեկնաբանություն այդպես էլ չեն ստացել։
Ադրբեջանական Azinform.az կայքը, հղում տալով սույն թվականի ապրիլին Milli.az լրատվական պորտալին, գրում է. «Շամխորի ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող երեք կասկածյալների: Շամխորի ոստիկանությունը տեղեկացվել էր, որ Չինարլը գյուղի 54-ամյա բնակիչ Դիլգամ Ասքերովը զբաղված է թմրանյութ բույսեր աճեցնելով: Ոստիկանության աշխատակիցները Ասքերովի տանն անցկացրած ստուգումների արդյունքում նրա տանից ու բակից բավականաչափ չոր մարիխուանա և ագրոտեխնիկական կանոնններով աճեցված կանեփի թփեր է հայտնաբերել»։
Շամխորի ոստիկանության շրջանային բաժանմունքի հետաքննչական բաժնի պետ Մահերամ Մամեդովը հայտնել է, որ Ասքերովի բնակության վայրում 1 կգ 514 գ չոր մարիխուանա, իսկ բակում՝ կանեփի 60 թուփ են հայտնաբերել, տան բակի ծառերի փչակներում՝ հատուկ արկղերի մեջ թաքցված 87 լուցկու տուփ մարիխուանա։
Ոստիկանությունը պարզել է, որ Դիլգամ Ասքերովն իր աճեցրած թմրանյութերը վաճառքի է հանում համագյուղացիներ 54-ամյա Մուբարիզ Մեհդիխանովի և 30-ամյա Էլբրուս Իսմայիլովի միջոցով: Վերջին անգամ Մուբարիզ Մեհդիխանովը ոստիկանության կողմից բռնվել է երկու լուցկու տուփ մարիխուանա Էլբրուս Իսմայիլովին 60 մանաթով վաճառելու պահին: Էլբրուս Իսմայիլովը ոստիկանությունում խոստովանել է, որ թմրանյութը 60 մանաթով գնել է Մուբարիզից: Մուբարիզ Մեհդիխանովն էլ խոստովանել է, որ երկու լուցկու տուփ մարիխուանան 40 մանաթով գնել է Դիլգամից ու 60 մանաթով վաճառել Էլբրուսին: Ասքերովն էլ իր հերթին խոստովանել է հետևյալը. «Մուբարիզին ասացի, որ նման թմրանյութ ունեմ, նա ինձնից խնդրեց, ես երկու-երեք հատ տվեցի, նա էլ բռնվեց»: Երեք անձանց նկատմամբ էլ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով գործ է սկսվել: Տարվում է հետաքննություն:
Նկատենք, որ սույն տեղեկությունը ստանալուց azinform.az-ը սեփական հետաքննությունն է անցկացրել՝ պարզելու՝ արդյոք թմրանյութերի առևտրի պատճառով ձերբակալված վերոհիշյալ Դիլգամ Ասքերովի հայկական ուժերի կողմից Քառվաճառում ձերբակալված ադրբեջանցին է։
Շամխորի Չինարլի գյուղի բնակիչներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, կայքին պատմել է. «Ռուսաստանում աշխատելու պատճառով նրան հազվադեպ էինք տեսնում: Բայց երբ գալիս էր, հանդիպում էինք: Նա որպես հարկադիր վերաբնակ եկել է Քառվաճարից: Այստեղ նա ազգականներ, տուն, ընտանիք և բազմաթիվ ծանոթներ ունի: Չինարլըի 7 հազար բնակիչներից յուրաքանչյուրը նրան ճանաչում է»:
Կայքը հայտնում է, որ ադրբեջանական «Քյափազ ԹՎ»-ին անգամ ցուցադրել էր Շամխորի շրջանի ոստիկանական վարչության կողմից թմրանյութերի առեւտրի համար Դիլգամ Ասքերովին ձերբակալալելու տեսապատկերները։
Թեմայի հետ կապված կայքը խնդրել է պարզաբանումներ տալ Շամխորի ոստիկանական վարչության հետաքննիչ Փաքիզա Գուլիևային։ Վերջինս պատասխանել է, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն իրենց «լուրջ ցուցումներ» է տվել` հարցի հետ կապված ոչ մեկին տեղեկություն չհայտնել:
Այսպիսով, հարց է ծագում, թե ինչպես է թմրանյութերի առևտրով զբաղվելու մեղադրանքով ապրիլին Ադրբեջանում ձերբակալված Ասքերովը հուլիսին հայտնվել Քարվաճառում, և ինչու ադրբեջանական պատկան մարմինները հրաժարվում են փաստի առնչությամբ մեկնաբանություններ տալ։
Հիշեցնենք, որ սոցցանցային ադրբեջանական խմբերից մեկում հայտնվել էր հուլիսի 14-ին Ասքերովին արտաքնապես շատ նման անձի լուսանկար՝ զինվորական համազգեստով և Դրագունովի դիպուկահար հրացանով։
Հավելենք, որ Հիշեցնենք. հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառում քաղաքացիական հագուստով զինվածադրբեջանցիներէինհայտնաբերվել, որոնցից երկուսը հաջորդած օրերին ձերբակալվեցին, իսկ մեկը սպանվեց։
Հուլիսի 14-ին պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ խումբը վերջնականապես վնասազերծված է։
Ցավոք, ադրբեջանական խմբի գործունեության հետևանքով հայկական կողմն ունեցավ նաև կորուստներ։ Հուլիսի 11-ին գրանցված միջադեպի՝ փոխհրաձգության հետևանքով զոհվեց հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը: Նույն միջադեպի ժամանակ վիրավորվելց նաև 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանն, ում կյանքին վտանգ չի սպառնում։
Խմբի գործունեության հետ են կապում նաև քարվաճառցի 17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան դեպքը, ում դին հուլիսի 15-ն հայտնաբերել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածքում՝ դանակահարված վիճակում։
Pingback: Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցու մասին նոր տեղեկություններ են հայտնվել. razm.info | Armday
Pingback: Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչին | Ռազմ.info
Pingback: ԵԼՔ լրատվական-վերլուծական կայք