Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսարևմտյան հատվածում՝ շիա մուսուլմաններով բնակեցված Քազիմիա թաղամասի մուտքի մոտ հուլիսի 22-ին ահաբեկչություն է արձանագրվել։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն հատուկ պատրաստված պայթուցիկի միջոցով տեղի ոստիկանական հսկիչ անցակետին մոտենալիս: Արդյունքում սպանվել են նախնական տվյալներով 23 հոգի, որոնց շարքում 9-ը ոստիկաններ են։ Վիրավորների թիվը 52 է։ Այս պահի դրությամբ որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։
Հիշեցնենք, որ ներկայումս Իրաքում լարված ներքաղաքական իրավիճակ է։ Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։
Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ, որտեղ շիաները սկսել են պատրաստվել պաշտպանությանը։ Թեև իրաքյան զինուժը որոշակի հաջողություններ ունենում է, սակայն իսլամիստները նույնպես գրավում են նոր տարածքներ, ինչպես նաև կարողանում պահպանել արդեն գրաված տարածքները։