Մոնղոլիայի օդաչուները վերապատրաստվելու են «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգի ուսումնական կենտրոնում

Ռուսաստանյան «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգի կազմում ընդգրկված «Ու-ՈւԱԶ» ավիացիոն ուսումնական կենտրոնն օդաչուների և ինժեներատեխնիկական անձնակազմի վերապատրաստման պայմանագրի շրջանակներում 2014-ի հուլիս ամսվա ընթացքում անցկացնելու է հատուկ դասընթացներ Մոնղոլիայի «Մոնղոլ Ալտ» ընկերության օդաչուների համար։ Դասընթացների նպատակը որակավորման բարձրացումն է։

Մոնղոլիային պատկանող Մի-171 ուղղաթիռը

Մոնղոլիային պատկանող Մի-171 ուղղաթիռը

Ինչպես հաղորդում է «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգի մամուլի ծառայությունը, մոնղոլական ընկերության ավիապարկն ընդգրկում է 2-ական միավոր Մի-171 ու Մի-8ԱՄՏ։ Ուղղաթիռներն արտադրվել են «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգի կողմից և փոխանցվել Մոնղոլիային 2008-ին ու 2011-ին։

Համաձայն աղբյուրի՝ որակավորման դասընթացները ներառում են օդաչուների տեսական վերապատրաստում 54 ժամ և առանձին պրակտիկ դասընթացներ Մի-171 ուղղաթիռի համալիր վարժասարքի վրա մոտ 9 ժամ։

«Ու-ՈւԱԶ» ուսումնական կենտրոնի ղեկավար Գենադիյ Լեոնովի խոսքերով՝ իրենց կենտրոնում աշխատում են ավելի քան հազար ժամ թռիչքի փորձ ունեցող հմուտ տեսուչներ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողությունների։

Հիշեցնենք, որ «Ու-ՈւԱԶ» ուսումնական կենտրոնը սկսել է թռիչքային ու ինժեներատեխնիկական անձնակազմի ընդգրկուն վերապատրաստում իրականացնել 2013-ի սեպտեմբերին իր Մի-171 ուղղաթիռի վարժասարքի արտոնագրումից հետո։ Ըստ կենտրոնի ղեկավարության տվյալների՝ այս վարժասարքը թույլ է տալիս թռիչքի տարբեր ռեժիմներում և ցանկացած պայմաններում նավիգացիոն տարբեր խնդիրներ առաջադրել և լուծել, փորձարկել ու մշակել անձնակազմի սխալի դեպքում ուղղաթիռի կառավարման հմտություններ, նույնիսկ քայլեր մշակել, եթե ուղղաթիռի շարժիչն  ու այլ կարևոր բաղադիչները շարքից դուրս են եկել օդում։ Վարժասարքով թռիչքները հնարավորինս մոտեցրած են իրական ուղղաթիռով թռիչքի պայմաններին։

Հավելենք, որ ավելի վաղ այս կենտրոնում և սույն վարժասարքով վերապատրաստում են անցել Չինաստանի օդաչուները՝ դասընթացների ավարտից հետո դրական գնահատական տալով դրանց։

Մի-171-ը Մի-8 ուղղաթիռի մոդիֆիկացված տարբերակն է։ Նախատեսված է ուղևորների և բեռների փոխադրման, որոնողափրկարարական, տարհանման աշխատանքների իրականացման համար:

Առաջին թռիչքն արել է 1990 թվականին։ Անձնակազմը 3 հոգուց է բաղկացած, կարող է փոխադրել 26 ուղևորի։ Առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *