ԱՄՆ ռազմաօդային ուժերը ստացել են առաջին արդիականացված F-15 կործանիչը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը ստացել են F-15E Strike Eagle կործանիչի արդիականացված առաջին օրինակը, որի վրա կատարված աշխատանքը և դրա արդյունավետության աստիճանը պետք է որոշվի առաջիկա շահագործման ընթացքում։ Ինքնաթիռը համալրել է ամերիկյան օդուժի 389-րդ էսկադրիլիան։ Այս մասին հայտնում է Defense-aerospace.com ռազմական լրատվակայքը։

F-15-Eagle

F-15-Eagle կործանիչ

Հիմնական բաղկացուցիչը, որն արդիականացվել է կործանիչի վրա, ռադիոտեղորոշիչ կայանն է։ Շնորհիվ դրա էականորեն մեծացել է ինքնաթիռի «տեսադաշտը»։

Ռադիոտեղորոշիչ նոր կայանի առավելություններից է նաև «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» ռեժիմի առկայությունը, որի շնորհիվ օդաչուն կարող է ավելի հստակ սահմանել այն թիրախների տեսակը, որոնք ուզում է հայտնաբերել։ Հարկ է նշել նաև, որ նոր ռադարն ունակ է օդաչուին շատ կարճ ժամանակում տալ նաև տեղեկություն, թե հայտնաբերված օրինակ օդային թիրախն ինչ դասի է պատկանում։

Նշենք, որ ռադիոտեղորոշիչ նոր կայանով համալրված F-15E կործանիչի առաջին թռիչքը կայացել է 2011-ի հունվարին։ Նախնական արդյունքները եղել են գոհացուցիչ, ինչն էլ ամերիկյան Բոինգ (անգլ.՝ Boeing) ավիաշինական կոնցերնին հնարավորություն է տվել ստանալ արդեն հիմնական պատվեր ու Պենտագոնի հետ կնքել պայմանագիր, որով նախատեսված է մինչև 2017-ը ռադիոտեղորոշիչ նոր կայաններ տեղադրել թվով 47 F-15 կործանիչի վրա։

Ամերիկյան McDonnel Douglas ավիաարտադրողի նախագծած F-15 կործանիչը շահագործման են հանձնել 1976-ին։ Ինքնաթիռի առավելագույն արագությունը 2 660 կմ/ժ է, թռիչքի առաստաղը շուրջ 20 000 մետր։ Սպառազինությունում F-15 Eagle-ն ունի 20 մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ, «օդ-օդ» դասի հրթիռներ, ինչպես նաև ռումբեր՝ լազերային նշանառությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *