Հնդկաստանը վերագործարկում է սեփական ՀՄՄ-ի ստեղծման ծրագիրը

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է վերագործարկել սեփական հետևակի մարտական մեքենաների ստեղծման Future Infantry Combat Vehicle (FICV) ծրագիրը, որի արժեքն է շուրջ 10 մլրդ ամերիկյան դոլար: Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Հնդկաստանն այս ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կստանա ստեղծել սեփական հետևակի մարտական մեքենա, փոխարինել սպառազինության մեջ առկա ԲՄՊ-1, ԲՄՊ-2 խորհրդային/ռուսաստանյան արտադրության ՀՄՄ-ներն, ինչպես նաև զարգացնել տեղական ռազմարդյունաբերությունը: Նշենք, որ ԲՄՊ-1, ԲՄՊ-2 ՀՄՄ-ների փոխարինման համար Հնդկաստանին անհրաժեշտ կլինի մոտ 3000 նմանատիպ մեքենա արտադրել:

Հնդկաստանի զինված ուժերի ԲՄՊ-2 ՀՄՄ-ն, որին փոխարինելու է նոր նախագծված հնդկաստանյան զրահափոխադրիչը

Հնդկաստանի զինված ուժերի ԲՄՊ-2 ՀՄՄ-ն, որին փոխարինելու է նոր նախագծված հնդկաստանյան զրահափոխադրիչը

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը ֆինանսավորելու է ապագայի հետևակի մարտական մեքենայի առաջին նախատիպի ստեղծման աշխատանքների 80 տոկոսը: Մնացած աշխատանքների ֆինասավորման համար հնդկական իշխանությունները բանակցում են հնդկաստանյան մասնավոր ընկերությունների հետ, քանի որ ծրագրի պայմաններից մեկն այն է, որ դրան պիտի մասնակցեն միայն տեղական ընկերություններ:

Հնդկաստանը չի բացառում նաև ռազմարդյունաբերության մեջ համաշխարհային ճանաչում վայելող ընկերությունների մասնակցությունը, սակայն դա պիտի լինի հնդկաստանյան ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով:

Մինչ այս որպես արտասահմանյան գործընկերներ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը դիտարկում էր առաջին հերթին բրիտանական BAE Systems ընկերությանը, որը ծրագրին մասնակցելու նպատակով արդեն համատեղ ձեռնարկություն է ստեղծել հնդկաստանյան Mahindra & Mahindra ընկերության հետ:

Սակայն ներկայում հավանական է ծրագրին մասնակցելու հայտ տան նաև այլ արտասահմանյան ընկերություններ, քանի որ 2014-ի հուլիսին Հնդկաստանը հեշտացրել է ռազմական նշանակության արտադրությունը արտասահմանյան ներդրումների համար: Փաստաթղթաշրջանառության զգալի կրճատման հաշվին Հնդկաստանի կառավարությունը մտադիր է հեշտացնել երկրի տարածքում սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ինչպես նաև օժանդակ սարքավորումների արտադրությունը՝ դրանով արտասահմանյան ներդրումներ գրավելով:

Բացի այդ էլ, Հնդկաստանի կառավարությունը հուլիսի սկզբին որոշել էր չեղյալ համարել ռազմական արտադրանք թողարկող արտասահմանյան ընկերությունների «սև ցուցակը», մինչև երկրի կենտրոնական հետախուզական բյուրոն չապացուցի այդ ընկերությունների առնչությունը որևէ հանցանքի:

Հնդկաստանի «սև ցուցակում» հայտնվել էին մի խումբ արտադրողներ, որոնք, հնդկական կողմի պնդմամբ, անօրինական ճանապարհներով փորձել էին հաղթել Հնդկաստանի հայտարարած սպառազինության գնման մրցույթներում: Այդ ընկերությունների մեջ Հնդկաստանը նշում էր համաշխարհային այնպիսի արտադրողների, ինչպիսիք են իսրայելական IMI (Israel Military Industries), գերմանական Rheinmetall Defence ու այլ ընկերություններ:

Վերջիններս մերժել էին այս մեղադրանքներն ու պնդում էին, որ անօրինական քայլերի չեն դիմել։ Սակայն արդյունքում Հնդկաստանն այս ընկերությունները մտցրել էր «սև ցուցակի» մեջ ու հրաժարվում էր նրանցից ռազմական նշանակության արտադրանք գնել։

Ներկայում կառավարության որոշմամբ Հնդկաստանը կշարունակի այդ ընկերությունների հետ համագործակցությունը ու կվերականգնի նրանց իրավունքները սպառազինության մատակարարման մրցույթներում, քանի դեռ Կենտրոնական հետախուզական բյուրոն չի ապացուցել այդ ընկերությունների մեղավորությունը:

Այս երկու կարևոր հանգամանքները թույլ կտան այլ արտասահմանյան ընկերությունների ևս մասնակցել Հնդկաստանի համար հեռանկարային հետևակի մարտական մեքենայի ստեղծման ծրագրին՝ հնդկաստանյան ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով:

Նշենք, որ FICV ծրագրով նախատեսված է ստեղծել առավելագույնը 20 տոննա զանգվածով հետևակի մարտական մեքենա, որը կունենա նաև լողալու հնարավորություն: Մեքենան զինված կլինի նորագույն fire-and-forget («կրակիր ու մոռացիր») հակատանկային կառավարվող հրթիռներով, որոնք իրենք են հայտնաբերում թիրախն, ու օպերատորը կարիք չունի ղեկավարելու նրանց թռիչքը։ Բացի հրթիռներից, մեքենան զինված է լինելու նաև ավտոմատ նռնականետով ու գնդացրով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *