Սիրիայում զինյալների և կառավարական ուժերի բախումները շարունակվում են Համա քաղաքում

Սիրիայում զինյալների խմբավորումները՝ այդ թվում ենթադրաբար «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման անդամները հուլիսի 21-ին հարձակվել են մայրաքաղաք Դամասկոսից 220 կմ դեպի հյուսիս տեղակայված Համա քաղաքի ռազմական օդանավակայանի վրա։

Սիրիայի զինուժի զինծառայողներ

Սիրիայի զինուժի զինծառայողներ

Այս մասին հաղորդում է սիրիական «Ալ-Վաթան» առցանց պարբերականը։ Համաձայն աղբյուրի՝ ականանետերից արձակված կրակի հետևանքով սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել են 11-ը։ Ներկա դրությամբ Սիրիայի կառավարական զորքերը մարտեր են մղում իսլամիստական խմբավորումների զինյալների դեմ Համա քաղաքի արևմտյան հատվածի թաղամասերում՝ Թել-Սաբա հենակետին կից։

Նշենք, որ Համայի վրա հարձակումը թերևս նպատակ ունի շեղել Սիրիայի կառավարական ուժերին Մորիք քաղաքում ընթացող մարտական գործողությունից, որտեղ սիրիական զինուժն անցել է հակահարձակման, և «Ալ-Նուսրայի ճակատ» և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման զինյալներն աստիճանաբար կորցնում են իրենց տիրապետող դիրքերը։ Նկատենք, որ Մորիքը տեղակայված է Դամասկոս-Հալեպ՝ ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհի վրա, Համա քաղաքից դեպի հյուսիս։ Մորիքից են սկիզբ առնում այն ճանապարհները, որոնք տանում են դեպի զինյալների ռազմակայաններ Վադի Դեյֆ և Էլ Համիդիա Իդլիբ նահանգում։ Սիրիական զինուժը քայլեր է ձեռնարկում ուղի բացելու դեպի այս կայաններ, որոնց գրավումը նշանակալից կլինի կառավարական ուժերի համար։

Հիշեցնենք, որ Սիրիայում ճգնաժամը սկսվել է դեռևս 2011-ի գարնանը, երբ «Արաբական գարնան» ալիքը հասավ այս երկիր: Կառավարության դեմ ուղղված ցույցերը հետագայում վերաճեցին զինված բախումների, որոնց մեջ ներգրավվեցին ոչ միայն կառավարական զորքերը, այլ մի քանի, իրարից տարբեր ու անկախ զինված ապստամբ խմբավորումներ: Խմբավորումների միմյանցից անկախ լինելը երկրում ստեղծեց մի վիճակ, երբ տարբեր խմբավորումների զինյալներ կարող էին կռիվ մղել ոչ միայն կառավարական զորքերի, այլև միմյանց միջև:

Երեք տարվա ընթացքում մարտերը մղվում են փոփոխական «հաջողություններով»: 2011-2013 թվականների ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով երկրում զինված բախումների հետևանքով մահացել էր ավելի քան 100 հազար մարդ, ևս մոտ երկու միլիոն մարդ փախստական էր դարձել: Հետագայում ՄԱԿ-ը հրաժարվեց հաշվել զոհերի քանակը՝ հիմնավորելով իր քայլը զոհերի ճշգրիտ քանակի բացահայտման անհնարինությամբ:

Ներկայում Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է, դրան օժանդակում են նաև այլ երկրներ, որոնք զենքով ու այլ միջոցներով օգնում են ապստամբներին: Սիրիայի կառավարական ուժերը վերահսկում են երկրի կենտրոնական շրջանները, մարտեր են մղում հարավ-արևմուտքում գտնվող Դամասկոս մայրաքաղաքի շրջակայքում ու հյուսիսում գտնվող Հալեպում:

Սիրիայի ծայր հյուսիսային շրջանները վերահսկում են ապստամբ քրդերը, հարավարևելյան ու հյուսիսային մի քանի հատվածներ հսկում են տարբեր ապստամբ խմբավորումներ: Իսկ Սիրիային սպառնացող հիմնական վտանգը երկրի արևելյան ու հյուսիսարևելյան շրջանները գրաված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» զինված խմբավորումն է, որը գրավել է նաև Իրաքի արևելյան ու հյուսիսային հատվածները և իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հռչակել է անկախ պետություն՝ «Իսլամական Խալիֆայություն» անվանումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *