Արցախի ոստիկանությունը պաշտոնապես արձագանքել է զինված ադրբեջանցիների խմբի ներթափանցմանը

Հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառում ձերբակալվել են զինված ադրբեջանցիներ, որոնք ներթափանցել էին Արցախի տարածք։ Արցախի ոստիկանությունը սույն միջադեպի առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն է տարածել։

Հուլիսի 19-ին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության Շահումյանի շրջբաժին ստացվել են Ձև 1 վիճակագրական քարտերն այն մասին, որ ս.թ. հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ’ դրանով իսկ կատարելով լրտեսություն, իսկ հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Կազմակերպված հանցավոր խմբի’ ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում’ վնասազերծվել:

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը ձերբակալվել ու կալանավորվել են:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ ադրբեջանցիների սույն խումբը վերջնականապես վնասազերծված է։

Ցավոք, ադրբեջանական խմբի գործունեության հետևանքով հայկական կողմն ունեցավ նաև կորուստներ։ Հուլիսի 11-ին գրանցված միջադեպի՝ փոխհրաձգության հետևանքով զոհվեց հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը: Նույն միջադեպի ժամանակ վիրավորվեց նաև 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը, ում կյանքին վտանգ չի սպառնում։

Խմբի գործունեության հետ են կապում նաև քարվաճառցի 17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան դեպքը, ում դին հուլիսի 15-ին հայտնաբերել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածքում՝ դանակահարված վիճակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *