Աֆղանստանի Հիլմենդ նահանգում տեղակայված վրացական զորախումբը հեռանում է «Լեզերնեք» ռազմաբազայից։ Ամերիկյան հրամանատարության տակ բազան դադարեցնում է իր գործառույթներն այնտեղ։
Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ISAF միջազգային խաղաղապահ առաքելության ավարտին զուգահեռ փակվում են ռազմաբազաներն ու կրճատվում է այնտեղ ծառայող զորախմբերի թիվը։ Մինչև 2014 թվականի վերջ Աֆղանստանի անվտանգության գործն իրենց վրա են վերցնելու տեղի անվտանգության ուժերը։
Վրաստանի զինված ուժերի 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակն ավարտել է իր առաքելությունն ու իջեցրել Վրաստանի դրոշը։
Դրոշը հանձնվել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Ռոման Ջոխաձեն։
Գումարտակը Հիլմենդ նահանգում տեղակայվել է 4 ամիս առաջ։ 50 հոգանոց զորախումբը շարունակում է ծառայել Քաբուլում, մի խումբ էլ տեղակայված է Կանդագարում։
Հավելենք նաև, որ Վրաստանը խոստացել է 2014 թվականից հետո մի գումարտակ ուղարկել Աֆղանստան նոր առաքելության համար։
Առաջին անգամ Վրաստանն Աֆղանստան զորախումբ է ուղարկել 2004 թվականին։ Այդ ժամանակ Վրաստանը գերմանական զորախմբի կազմում ապահովում էր նախագահական ընտրությունների ընթացքը։
Վրացի խաղաղապահները 2009 թվականից ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։
Մինչ օրս Աֆղանստանում զոհվել է վրացի 29 զինծառայող, վիրավորվել 435-ը։ Այս փաստը վրացիների մոտ պարբերաբար դժգոհության ալիք է բարձրացնում։ Մասնավորապես, 2012-ի հոկտեմբերին Աֆղանստանի Հիլմենդ նահանգում մարտական առաջադրանք կատարելիս չպարզված հանգամանքերում զոհվել էր մեկ զինծառայող։
Ամբողջ առաքելության ընթացքում Աֆղանստանում ծառայել է 1600 զինծառայող։ Վրաստանը համարվում է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող ամենամեծ զորախումբ տրամադրած երկիրը։