Ռուսաստանի զինված ուժերի օդադեսանտային ուժերում փորձարկումների է ենթարկվել ռուսաստանյան արտադրության ԲՄԴ-4Մ (ռուս.՝ БМД-4М) դեսանտի մարտական մեքենան: Մեքենաներից երկու միավոր դեսանտավորվել է ինքնաթիռից, ինչի մասին հայտնում է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքը:
Պարաշյուտների միջոցով, երկու դեսանտի մարտական մեքենաներից բացի, բաց է թողնվել նաև դեսանտի համար նախատեսված մեկ միավոր ԲՏՌ-Դ (ռուս.՝ БТР-Д) զրահափոխադրիչ:
Փորձարկումները հաջող են անցել, զրահատեխնիկայի բոլոր երեք միավորների սարքավորումներն աշխատել են պատշաճ, ինչի շնորհիվ դեսանտի մարտական մեքենաներն ու զրահափոխադրիչը վայր են իջել նախատեսված վայրում: Դրանից հետո զրահատեխնիկան բերվել է մարտական ռեժիմի ու երթով գնացել է հավաքակայան:
Նշենք, որ 2014-ի հուլիսի սկզբին հայտնի էր դարձել, որ ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի՝ Տուլայում (Մոսկվայից հարավ) տեղակայված միավորումը ստացել է 8 միավոր նոր ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենաների խմբաքանակ՝ փորձարկումների համար:
Փորձարկումներն օդադեսանտային զորքերում իրականացնելու էին հենց հաստիքային զինծառայողները՝ մեքենաներն արտադրող ընկերության մասնագետների հսկողությամբ, որպեսզի նախագծողները հետագայում կարողանան շտկել փորձարկող զինծառայողների հայտնաբերած թերությունները:
Նախատեսված է, որ փորձարկումներից հետո ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենաները ներգրավվելու են սերիական արտադրության, իսկ արդեն 2015-ից սկսած արտադրողը դրանք մատակարարելու է Ռուսաստանի օդադեսանտային զորքերին:
ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենան ԲՄԴ-4-ի արդիականացումն է, այն նախատեսված է օդադեսանտային ուժերի տեղափոխման, սպառազինության ու պաշտպանվածության մեծացման համար։ Հատկանշական է այն, որ ԲՄԴ-4Մ-ի դետալները հնարավորինս նմանեցված են ՌԴ ԶՈւ սպառազինության մեջ մտնող ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենայի հետ, ինչը թույլ է տալիս զգալիորեն գումար խնայել դետալների արտադրության մեջ, փոխլրացնել միմյանց մարտում, ինչպես նաև հեշտացնել մեքենաների վերանորոգումը նաև դաշտային պայմաններում։
Մեքենան անձնակազմը պաշտպանում է փամփուշտներից ու բեկորներից։ Աշտարակի վրա տեղադրված է «Բախչա-Ու» մարտական հանգույց, որից տեղադրված է նաև ԲՄՊ-2 մեքենայի որոշ արդիականացումների վրա։ Մարտական հանգույցի վրա տեղադրված են 100 մմ թնդանոթ, 30 մմ ավտոմատ թնդանոթ, ինչպես նաև թնդանոթներին կցված 7.62 մմ գնդացիր։ Մեքենայի վրա տեղադրված է նաև հակատանկային կառավարվող հրթիռների «Առկան» արձակման կայան՝ 4 հրթիռներով։