Հուլիսի 19-ին Ճապոնական ծովի Պետրոս Մեծի ծոցում եզրափակվել է ռուս-հնդկական «Ինդրա-2014» ռազմածովային զորավարժությունը, որը մեկնարկել էր հուլիսի 14-ին։
Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ Ռոման Մարտովը։
Հուլիսի 14-ին Վլադիվոստոկ են ժամանել Հնդկաստանի ռազմածովային ուժերի «Ռանվիջայ» ականակիրը, «Շավալիկ» ֆրեգատը և նավերի մատակարար «Շակթի» նավը։ Զորավարժության հիմնական նպատակը ծովում փոխգործակցության մշակումն ու իրականացումն է։
Ռուսաստանյան կողմից մանևրներին մասնակցում են «Վարյագ» հրթիռային հածանավը, «Ադմիրալ Վինոգրադով» հականավային մեծ նավը, ինչպես նաև «Պերեսվետ» դեսանտային նավը։
Զորավարժության ակտիվ փուլում երկու երկրների նավերը գիշերային պայմաններում երկու խմբի են բաժանվել ու հանդիպակած մարտ վարել, որից հետո արդեն ուղղաթիռային վարժանքներ արել։
Հավելենք, որ հուլիսի 19-ին Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Վարյագ» հրթիռային հածանավի տախտակամածին էլ օրվա երկրորդ հատվածին ամփոփվել են զորավարժության արդյունքներն ու ճանապարհել են հնդկական կողմին։
Տեղեկացնենք, որ 2013 թվականին Հնդկաստանի «Մահաջան» զորավարժարանում անցկացվեց ռուս-հնդկական համատեղ «Ինդրա-2013» զորավարժությունը, որին ռուսաստանյան կողմից մասնակցում էին ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական օկրուգի դեսանտայինները։
2012-ին նմանատիպ զորավարժություն անցկացվել էր Բուրյաթիայի հանրապետությունում տեղակայված «Բուրդուն» զորավարժարանում։
Նշենք, որ ռուս-հնդկական զորավարժություններ իրականացվում են դեռևս 2012-ից ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հնդկաստանի տարածքում։ Բացի ռազմածովային զորավարժություններից, երկու երկրներն իրականացնում են նաև ցամաքային մանևրներ։
Pingback: Մեկնարկել են ռուս-հնդկական «Ավիաինդրա-2014» զորավարժությունները | Ռազմ.info