Իսրայելը ոչնչացնելու է պաղեստինցիների հնարավոր ներթափանցմանը նպաստող թունելները

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը հայտարարել է՝ շարունակում են իրենց ցամաքային գործողությունը Գազայի հատվածում՝ այս անգամ որպես թիրախ ընտրելով այն բոլոր կարևոր թունելները, որտեղով, համաձայն իսրայելական կողմի, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անդամները մուտք են գործում Իսրայել և կարող են դիվերսիոն գործողություններ իրականացնել։ Միևնույն ժամանակ պաղեստինյան կողմը հայտնում է արդեն 502 զոհի, 3150 վիրավորի մասին։

Իսրայելի զինվորականները ցամաքային գործողության ժամանակ, աղբյուր՝ CNN

Իսրայելի զինվորականները ցամաքային գործողության ժամանակ, աղբյուր՝ CNN

Ելույթ ունենալով Թել-Ավիվում հատուկ կազմակերպված մամուլի ասուլիսին՝ Յալոնն ընդգծել է, որ չեն բացառում գործողության ընդլայնումը Գազայի հատվածում։ Այդուհանդերձ, վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքերով՝ իրենց ծրագրերի մեջ ներկայումս չեն ներառել «իսլամիստների վարչակարգի տապալումը»։

«Դա քաղաքական քայլերի կամ ռազմական կամ էլ երկուսի համադրությամբ լուծվող խնդիր է, որի ի կատար ածումը ժամանակ է պահանջում»,-նկատել է Նեթանյահուն։

Յալոնը նաև շեշտել է, որ իրենց զինվորականներն արդեն հայտնաբերել են ոչնչացման ենթակա 14 ստորգետնյա թունելներ, որոնցից մեկն ունի ավելի քան 1.2 կմ երկարություն։

Հենց այդ թունելները, ըստ Յալոնի, պաղեստինյան հրթռիների հետ միասին Իսրայելի համար ներկայումս հիմնական սպառնալիքն են, որն անհրաժեշտ է չեզոքացնել։

Հավելենք, որ ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում տալով իսրայելական աղբյուրներին, տեղեկացնում է՝ հուլիսի 21-ին իսրայելցի զինվորականները վնասազերծել են պաղեստինցի զինյալների 2 խմբի, որոնք Իսրայել էին ներթափանցել թունելի օգնությամբ։

Միևնույն ժամանակ, ամերիկյան The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է՝ հուլիսի 20-ին գերեվարել են իսրայելցի մի զինծառայողի։ Իսրայելական կողմը հաստատել է, որ հուլիսի 18-ից ի վեր մարտական գործողություններում կորցրել է 13 հոգու, ՀԱՄԱՍ-ը՝ 60։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ սկսում է ցամաքային գործողություն Գազայի հատվածում, որին մասնակցում են ոչ միայն օդուժը, այլև ռազմածովային ուժերը, ինժեներական, զրահատանկային զորքերն ու նավատորմը։

Հավելենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողությա մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։

Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ ՀԱՄԱՍ-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։

Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ էին իրականացրել, որոնք արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են ՀԱՄԱՍ-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։

Բացի այդ, ձերբակալվել էին 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել էին մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *