[հավելում] Տավուշի սահմանամերձ գյուղերի գյուղապետերը դիմել են Կարմիր խաչին

Հուլիսի 20-ի գիշերն ադրբեջանական կողմը կրակել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես ու Չինարի գյուղերի ցանքատարածությունների ուղղությամբ, որտեղ բերքահավաք է ընթանում։ Գյուղապետերը դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակ՝ ադրբեջանական կողմից կրակոցները բերքահավաքի շրջանում կանխելու հայցով։

Տավուշի մարզ, հայ-ադրբեջանական սահման

Տավուշի մարզ, հայ-ադրբեջանական սահման

Իրավիճակը պարզաբանելու նպատակով Ռազմինֆոն զրուցել է Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանի հետ։ Վերջինիս խոսքերով՝ հուլիսի 20-ի գիշերը կրակոցները գյուղի ուղղությամբ սովորականից ինտենսիվ չեն եղել, կրակել են ցանքատարածություններում աշխատողների վրա։

«Հակառակորդը նպատակադրված կրակել է ցորենի ու գարու բերքը հավաքելու ժամանակ աշխատող կոմբայնին։ Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չունենք, կոմբայնն էլ չի վնասվել։ Այսօր առավոտյան կոմբայնը կրկին ուղարկել եմ մեկ այլ տեղ՝ բերքը հավաքելու։ Գյուղում խուճապ չկա»,-շեշտել է գյուղապետը։

Տավուշի մարզի մեկ այլ սահմանամերձ գյուղում՝ Չինարիում, հուլիսի 20-ին գրեթե նույն իրավիճակն է եղել։ Սահմանամերձ գյուղերի գյուղապետերը դիմել են ԿԽՄԿ-ին, իսկ ԿԽՄԿ-ի իրենց հարցմանը պատասխանել են, թե պետք է կապվեն ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակի հետ, որոշակի պայմանավորվածություն ձեռք բերեն, ապա միայն այդ դեպքում հնարավոր կլինի իրավիճակն ինչ-որ կերպ վերահսկել։

Նշենք, որ սույն հարցով Ռազմինֆոն դիմել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին։ Նա նշել է, որ հուլիսի 20-ի գիշերն «ադրբեջանական կողմը սովորականից ակտիվ չի կրակել, Տավուշի մարզի գյուղերին վնաս չի հասցվել»։

[հավելում]-Ինչպես հաղորդում է Panorama.am կայքը, ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցական ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հայտնել է՝ ստացել են գյուղապետերի դիմումը։ Ամատունու խոսքերով՝ տարածված պրակտիկա է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքներում: «Մենք խրախուսում ենք, որ վտանգված տարածքներում գյուղացիները հնարավորություն ունենան դիմել մեզ: Հիմա պետք է երկու երկրների իշխանությունները երաշխիքներ տան և կարողանանք ներկա գտնվել այնտեղ՝ հնարավորություն տալ քիչ թե շատ անվտանգ աշխատեն գյուղացիները: Խոսքը զինադադարը հարգելու մասին է»,- շեշտել է նա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *