2014-ին ՌԴ-ն կգործարկի հրթիռային հարձակման ծանուցման նոր համակարգ

ՌԴ զինված ուժերի օդատիեզերական պաշտպանության զորքերը արդեն այս տարի ուղեծիր դուրս կբերեն հակառակորդի հրթիռների արձակման մասին ծանուցող Տունդրա արբանյակը, որը զգալիոերն կլուծի Ռուսաստանի տարածքի հրթիռակոծման կանխարգելման խնդիրները։ Այս մասին գրում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը։

Արբանյակի ցուցապատկեր

Արբանյակի ցուցապատկեր

Տունդրայի (ռուս.՝ Тундра) շահագործմամբ փաստացի հիմք կդրվի նաև ռուսաստանյան միացյալ տիեզերական համակարգի ստեղծմանը, որի շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն արձանագրել հավանական հակառակորդի հրթիռի արձակումը, այլև բավական մեծ ճշտությամբ հաշվարկել այդ հրթիռի թռիչքի հետագիծը։

Նախքան Տունդրայի տեխնիկական հնարավորություններին անդրադառնալը, հարկ է նշել, որ ներկայումս ՌԴ հրթիռային հարձակման ծանուցման համակարգը բավական աղետալի վիճակում է ու երկիրը, փաստացի, խոցելի է հակառակորդի արձակած հրթիռների համար։

Մինչ այժմ, այդ խնդիրը Ռուսաստանը լուծում էր Օկը-1 (ռուս.՝ Око-1) համակարգի միջոցով, որի շրջանակներում շահագործվում էին երկու տարբեր դասի արբանյակներ։ Դրանցից առաջինի կազմում հերթապահություն էին կրում ընդհանուր առմամբ 8 արբանյակ, որոնիցից վերջինը շարքից դուրս եկավ 2014-ի ապրիլին՝ ծագած տեխնիկական խնդիրների պատճառով։ Համակարգի երկրորդ դասի արբանյակները, թեև շարունակում են շահագործվել, սակայն ունեն տեխնիկական բավական սահմանափակ տվյալներ և կարող են աշխատել օրական միայն 3 ժամ։

Նշենք նաև, որ անկախ արբանյակների հնարավորություններից, ինքնին Օկը-1 համակարգի աշխատանքի սկզբունքը բավական սահմանափակ է։ Այն կարող է արձանագրել հրթիռի արձակումը հակառակորդի տարածքից, իսկ թռիչքի հետագիծը որոշել կարող են միայն Ռուսաստանի տարածքում տեղակայված ցամաքային կայանները։ Արդյունքում ստացվում է, որ վերահսկել հակառակորդի հրթիռը հնարավոր է, երբ այն գրեթե հասել է երկրի սահմաններին։

Վերոնշյալ այս բոլոր բացթողումներն է լրացնելու Տունդրա արբանյակը, որը ոչ միայն ունակ է արձանագրել հրթիռների արձակումն ու հաշվարկել դրանց հետագիծը, այլև անհրաժեշտության դեպքում հրահանգ ուղարկել ավտոմատացված համակարգին, որը պատասխան հրթիռային հարված կհասցնի հակառակորդին։

Հավելենք, որ Տունդրա արբանյակի դուրսբերումն ուղեծիր նախատեսվում է 2014-ի չորրորդ եռամսյակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *