Վրաստանում անցկացրել են ռազմա-քաղաքացիական վարժանքներ։ Վրաստանը մի քանի միլիոն դոլարի ներդրում է արել ռազմական արդյունաբերության ոլորտում։ Անցկացվել է կիբերանվտանգության սեմինար։ Վրաստանցի զինծառայողներն ավարտել են իրենց մասնակցությունն ISAF-ի առաքելությանը։ Վրաստանը կստանա «ԱՄՆ-ի դաշնակցի» կարգավիճակ։
” Հուլիսի 14-ին Վրաստանում մեկնարկել են միջգերատեսչական ռազմա-քաղաքացիական վարժանքներ, որոնց նպատակն է բարձրացնել պատրաստվածությունը արտակարգ տարբեր իրավիճակներին դիմակայելու համար։ Վարժանքների հիմքում եղել է զինվորականների և քաղաքացիականների միջև համագործակցության հղկումը։
” Վրաստանի պաշտպանության նախարար Միխայիլ Դարչիաշվիլին հուլիսի 14-ին հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի Կովկասի բաժնի ղեկավար Ջոն Մարկ Պոմերշայմենին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցության խորացման հնարավորությունները։
” ՆԱՏՕ-ի միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) շրջանակներում Աֆղանստանում առաքելություն իրականացնող վրաստանցի զինծառայողները հրետանու տեխնիկական սպասարկման ուսուցում են անցկացրել Աֆղանստանի զինված ուժերի 205-րդ կորպուսի զինծառայողների համար։ Ուսուցումը գլխավորել է փոխգնդապետ Միխայիլ Կամխաձեն։
” Վրաստանի իշխանությունները մեծ հույսեր են կապում Թբիլիսիի ավիացիոն գործարանի հետ։ Ձեռնարկությունն արդեն իսկ արտադրում է զրահաբաճկոններ, որոնք նախատեսվում է նաև արտահանել։ Իսկ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնում ներկայումս տարվում են աշխատանքներ համազարկային կրակի ռեակտիվ կայանների խոցման համար նախատեսված հրթիռային սարքավորում ստեղծելու ուղղությամբ։
” Հուլիսի 16-ին վրաստանյան Կաչրեթի բնակավայրում մեկնարկել է կիբերանվտանգության խնդիրներին նվիրված սեմինար։ Երկօրյա սեմինարի ընթացքում Վրաստանի և Էստոնիայի ներկայացուցիչենրը քննարկել են կիբերտարածության, կիբերհանցագործությունների, կիբերանվտանգության, տեղեկատվական անվտանգության և նմանաբնույթ այլ հարցեր։
” Հուլիսի 16-ին լրացավ Վրաստանի զինված ուժերի հետևակային 2-րդ բրիգադի կազմավորման 22-րդ տարեդարձը։ Այս կապակցությամբ Սենակում տեղակայված ռազմաբազայում էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Նրան ուեղկցում էին ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, զինված ուժերի գլխավոր սերժանտ Ալուդա Կոպալիանին և բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Զազա Չխաիձեն։
” Աֆղանստանի Հիլմանդ գավառում տեղակայված Լեզերնեք բազայի վրաստանցի զինվորականները լքում են այն։ Վրաստանի ԶՈւ հետևակային 2-րդ բրիգադի 23-րդ գումարտակի զինծառայողներն ավարտեցին Վրաստանի մասնակցությունը ISAF-ի աֆղանստանյան առաքելությանը։ Հրաժեշտի հանդիսավոր արարողության ժամանակ զինծառայողներն իջեցրել են ռազմաբազայում ծածանվող վրացական դրոշը։
” Վրաստանի ԶՈւ ռազմական ոստիկանության դեպարտամենտը համալրվեց ևս 18 որակավորված մասնագետով։ Հուլիսի 17-ին Վրաստանի ազգային պաշտպանական ակադեմիայում կայացավ ռազմական ոստիկանների դասընթացն ավարտած ունկնդիրների ավարտական հանդիսավոր արարողությունը։
” ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Վրաստանին (ինչպես նաև Ուկրաինային և Մոլդովային) «Միացյալ Նահանգների դաշնակից» ճանաչելու օրինագիծն՝ առանց վերջիններիս անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ծավալի պաշտպանական սպառազինություն կմատակարարի և կաջակցի Վրաստանին։ Նշենք, որ Կոնգրեսի որոշումը դեռևս պետք է հաստատի նախագահ Օբաման։
” Վրաստանում անցկացվում են միջգերատեսչական խորհրդակցություններ, որոնց առարկան Վրաստանի անդամակցումն է Զենքի առևտրի միջազգային համաձայնագրին։ Խորհրդակցությունները կտևեն մինչև ընթացիկ տարվա վերջը։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 13-19 | Ռազմ.info