Ադրբեջանի ռազմավարական նպատակը ՆԱՏՕ ինտեգրվելն է. Քերիմ Վելիև

Հուլիսի 18-ին մամուլի ասուլիս է հրավիրել 2014-ի մայիսից որպես Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ պաշտոնավարող գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը՝ անդրադառնալով նոր նախարար Զաքիր Հասանովի օրոք կատարված աշխատանքին ու առաջիկա ծրագրերին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիև

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ ՎելիևԻնչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az կայքը՝ Վելիևը խոստովանել է՝ նախկին նախարար Սաֆար Աբիևի օրոք զինված ուժերում լուրջ խնդիրներ են եղել։

Վելիևի ելույթում առանցքային էր այն միտքը, որ Ադրբեջանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին իրենց կարևորագույն խնդիրն է։ «Այո´, Ադրբեջանը կարող է ռազմական ոլորտում համագործակցել տարբեր երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ, սակայն մեր ռազմավարական նպատակը ՆԱՏՕ-ին ինտեգրումն է։ Մենք մեր բանակը կառուցելու ենք ՆԱՏՕ-ի չափանիշներով»,-շեշտել է Վելիևը։

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունն էլ իր հերթին մեջբերել է Վելիևի խոսքերը՝ կապված արտերկրի տարբեր ռազմական կրթօջախներում ուսանող 237 ադրբեջանցի զինծառայողների մասին: «Նրանք հիմնականում կրթություն են ստանում ՆԱՏՕ-ի չափանիշներով շարժվող զինուժ ունեցող երկրներում: ՌԴ-ում սովորում է ադրբեջանցի զինծառայողների չնչին մասը, սակայն կա դրա անհրաժեշտությունը, քանի որ ադրբեջանական բանակը հիմնականում կիրառում է ռուսաստանյան արտադրության սպառազինություն»,-ընդգծել է Վելիևը:

Վելիևն անդրադարձել է նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անցկացված զորավարժություններին՝ որակելով դրանք «Նախիջևանի առանձին համազորային բանակի մարտունակության աստիճանի ցուցիչ»։ Բացի այդ, նա հավելել է՝ պահեստազորի սպաներն այսուհետ ժամանակ առ ժամանակ կանչվելու են վարժանքների, որպեսզի պատրաստ վիճակում լինեն համընդհանուր մոբիլիզացիայի դեպքում։

Պաշտպանության նախարարի տեղակալը նաև հավելել է՝ հաշվի առնելով Արցախի լեռնային ռելիեֆը, փորձելու են «ավելի ուշադրություն դարձնել ԶՈւ լեռնահրաձգային ստորաբաժանումների վերապատրաստմանը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *