Չեխիան իր ավիապարկից ուսումնամարտական 14 ինքնաթիռ կվաճառի ԱՄՆ-ին

Ամերիկյան Draken International և չեխական Aero Vodochody ընկերությունների միջև 2014-ի հուլիսի 16-ին կնքվել է 14 միավոր L-159E ALCA ուսումնամարտական ինքնաթիռի մատակարարման պայմանագիր։ Այն կնքվել է ևնախատեսում է ինքնաթիռների փոխանցում ամերիկյան կողմին Չեխիայի ռազմաօդային ուժերի կազմից։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

L-159E ուսումնամարտական ինքնաթիռներ. Չեխիայի ՌՕՈւ

L-159E ուսումնամարտական ինքնաթիռներ. Չեխիայի ՌՕՈւ

Գործարքին, որպես մասնակից կողմ, հանդես է եկել նաև Չեխիայի պաշտպանության նախարարությունը, քանի որ հենց վերջինիս են պատկանում գործարքի առարկա հանդիսացող ինքնաթիռները։

Թեպետ գործարքի ստույգ արժեքը չի հրապարակվել, սակայն մոտավոր հաշվարկներով, այն կազմում է շուրջ 12.5 միլիոն դոլար։ Նշենք, որ նախքան ամերիկյան կողմին փոխանցելը, ինքնաթիռները կենթարկվեն աննշան արդիականացման։ Գործընթացը նախատեսվում է սկսել արդեն իսկ այս տարի։

Հարկ է նշել նաև, որ պայմանագիրը ենթադրում է պարտավորություններ կողմերից յուրաքանչյուրի համար։ Ամերիկյան Draken International ընկերությունն, իր հերթին, պետք է աջակցի չեխական L-159 ինքնաթիռների վաճառքին Հարավային Ամերիկայի երկրների շուկայում։ Թե ինչ եղանակով է իրականացվելու այդ աջակցությունը,դեռևս պարզ չէ։

Հավելենք, որ Չեխիան իր ռազմաօդային ուժերի ավիապարկի 14 միավոր L-159E ինքնաթիռները հանել է վաճառքի՝ նպատակ ունենալով փոխարինել դրանք նորերով. թե ինչ տեսակի ինքնաթիռներով, դեռևս հայտնի չէ։

Չեխական արտադրության L-159E ALCA ուսումնամարտական ինքնաթիռն արտադրվել է 1997-2003 թվականներին՝ բավական համեստ 72 օրինակով, եթե հաշվի առնենք, որ այն նախատեսվում էր նաև արտահանել։ Ինքնաթիռը կարող է զարգացնել 930 կմ/ժ առավելագույն արագություն, մեկ լիցքավորմամբ այն կարող է անցնել շուրջ 1 600 կմ հեռավորություն։ Սպառազինությունում ուսումնամարտական ինքնաթիռն ունի «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի կառավարվող հրթիռներ, չկառավարվող հրթիռներ, ինչպես նաև ազատ անկման ռումբեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *