Քարվաճառում սպանված ադրբեջանցին զինվորական համազգեստով լուսանկարներ ունի սոցցանցերում

Հուլիսի 12-ին Պաշտպանության բանակը հայտնեց, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Քարվաճառ ներթափանցած զինված ադրբեջանցիների խմբի անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Նրա սոցցանցային էջի հրապարակումների բովանդակությունից, լուսանկարներից ու անձնական տվյալներից ելնելով՝ չենք կարող բացառել այն վարկածը, որ վերջինս զինվորական էր կամ առնչություն ուներ ռազմական ոլորտի հետ։

Հասան Հասանովի ֆեյսբուքյան էջն ու ՊԲ-ի հրապարակած նկարը

Հասան Հասանովի ֆեյսբուքյան էջն ու ՊԲ-ի հրապարակած նկարը

ՊԲ-ն հրապարակել էր լուսանկար, որտեղ բավականին աղոտ երևում էր սպանված ադրբեջանցու դեմքը։ Ադրբեջանական աղբյուրները տեղեկացրին, որ սպանվածը Հասան Հասանովն է։ Նա ավելի հստակ երևում էր երևում էր Yerkir.am-ի տարածած տեսագրության մեջ։  Նկատենք՝ նրա մասին որոշակի տեղեկություններ կարելի է քաղել վերջինիս սոցցանցային էջից։ Ֆեյսբուքում Հասան Հասանով անունով գրանցված օգտատերը, որի ծննդյան վայրը, ինչպես և սպանվածինը, նշված է Ջաբրայիլը, հիշատակվում է, թե նա սովորել է Ադրբեջանի Ջամշուդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյում, ինչպես և ռազմական ակադեմիայում։

Հասան Հասանովի ֆեյսբուքյան էջի լուսանկարը

Հասան Հասանովի ֆեյսբուքյան էջի լուսանկարը

Հասան Հասանովի ֆեյսբուքյան էջի հրապարակումները

Հասան Հասանովի ֆեյսբուքյան էջի հրապարակումները

Բացի այդ, մի քանի լուսանկարներում Հասանովը ռազմական համազգեստով է։ Էջում մեծ թիվ են կազմում ռազմական բովանդակության լուսանկարները, լրատվականների նյութերը, նաև «Ղարաբաղը հետ բերելու» կոչերով պաստառներ և նյութեր։

Նշենք, որ մեզ ավելի վաղ հաջողվել էր պարզել՝ նույն զինված խմբի ձերբակալված անդամ Դիլհամ Գարդաշխան օղլու Ասքերովին ենթադրաբար պատկանող սոցցանցային էջում ևս զինվորական համազգեստով լուսանկարներ կային, բացի այդ՝  նա նաև Դրագունովի դիպուկահար հրացանով էր։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ադրբեջանական կողմն արձագանքել էր՝ ներկայացնելով  Հասան Հասանովի եղբոր՝ ոմն Նայիլ Հասանովի հետ հարցազրույց, որը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական մասնաճյուղին և Գերիների, պատանդների ու անհետ կորածների հանձնաժողով՝ վկայելով, որ մամուլի հրապարակումներից են տեղեկացել Հասանովի մահվան մասին։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ Հասանովի եղբոր խոսքերով՝ նա ծնվել է 1978-ին Ջաբրայիլի շրջանի Մեհդիի գյուղում, ավտոմեքենայի վարորդ է, բնակվում էր Բինագադինի շրջանում, ունի խանութ։ «Մենք չգիտեինք, որ նա գնացել է Քարվաճառ, իմ եղբյարը հայրենասեր է, երևի դրա համար է այդպես արել, նա առաջին անգամ էր պատերազմից հետո գնում Քելբաջար։ Մենք չգիտեինք, որ նա ճանաչում է Դիլհամին ու Շահբազին, ու որ նրանց հետ է գնացել»,-հավաստիացրել է եղբայրը։ Եղբոր խոսքերը լիովին արտացոլում են ադրբեջանական պաշտոնական դիրքորոշումն այս հարցում, թե «Քարվաճառ մուտք գործած ադրբեջանցիները զինված ուժերի հետ կապ չունեն, քաղաքացիական անձինք են», մինչդեռ Պաշտպանության բանակի հաղորդագրություններում նրանք հիշատակվում են որպես «հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբ»։

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ նույն խմբի անդամ, ձերբակալված զինված ադրբեջանցու՝ Դիլհամ Ասքերովի համագյուղացին ադրբեջանական AzVision.az կայքին փոխանցել էր՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրավիրել էր Ասքերովի հարազատներին զրուցելու։

Անշուշտ, սոցցանցերից հավաքած տեղեկությունները չեն կարող անհերքելի ապացույց լինել, որ սպանված Հասանովը զինվորական էր, այդուհանդերձ, իրավունք են տալիս չբացառելու նրա՝ Ադրբեջանի ԶՈւ-ի հետ առնչություն ունենալու և դիվերսիայի նպատակով Քարվաճառ ներթափանցելու վարկածը։

Հավելենք, որ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառում քաղաքացիական հագուստով զինված ադրբեջանցիներ էին հայտնաբերվել, որոնցից երկուսը հաջորդած օրերին ձերբակալվեցին։ 

Հուլիսի 14-ին պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ խումբը վերջնականապես վնասազերծված է։

Ցավոք, ադրբեջանական խմբի գործունեության հետևանքով հայկական կողմն ունեցավ նաև կորուստներ։ Հուլիսի 11-ին գրանցված միջադեպի՝ փոխհրաձգության հետևանքով զոհվեց հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը: Նույն միջադեպի ժամանակ վիրավորվել նաև 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանն, ում կյանքին վտանգ չի սպառնում։ 

Խմբի գործունեության հետ են կապում նաև քարվաճառցի 17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան դեպքը, ում դին հուլիսի 15-ին հայտնաբերել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածքում՝ դանակահարված վիճակում։

Տե´ս նաև։ Սոցցանցերում հայտնվել է ձերբակալված ադրբեջանցիներից մեկի զինվորական համազգեստով լուսանկարը