Հնդկաստանը հրաժարվել է ռուսական «Մի-28Ն» ուղղաթիռներից

Ռուսական «Մի-28Ն» ուղղաթիռի թերի լինելու մասին շատ-շատ է խոսվել, և ահա, հիմա էլ միանգամից մի քանի ռուսական լրատվամիջոցներ գրում են, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարած հարվածային ուղղաթիռների մրցույթում, ռուսական «Մի-28Ն» ուղղաթիռը զիջել է ամերիկյան «ԱՀ-64Դ» («AH-64D») ուղղաթիռին։ Մրցույթը հայտարարվել էր 2008 թվականին 22 հատ ուղղաթիռ գնելու համար, այնուհետև չեղյալ համարվել և կրկին հայտարարվել 2009-ին։

«Մի-28Ն»-ից բացի մրցույթին մասնակցել են նաև «Ագուստա/Վեսթլենդի» «ԱՎ-129» («AW-129»), «Բելլ հելիքոփթերի» «ԱՀ-1Զ Սուպեր Կոբրա» («AH-1Z Super Cobra»), «Բոինգի» «ԱՀ-64Դ Ապաչ» («AH-64D Apache»), «Եվրոքոփթերի» «ԵՍ-665 Թայգր» («ES-665 Tiger») ուղղաթիռները, սակայն «Բելլը» և «Եվրոքոփթերը» հետագայում դուրս են եկել մրցույթից։ Արդյունքում մրցույթի եզրափակիչ փուլ էին դուրս եկել «Մի-28Ն»-ը և «ԱՀ-64Դ»-ն, որտեղ էլ հաղթող է ճանաչվել ամերիկյան ուղղաթիռը։

Իհարկե, եզրափակիչ դուրս գալը դեռ կարող էր լավ արդյունք համարվել, բայց այստեղ ուշագրավ է «ՌԻԱ-Նովոստի» գործակալության հայտարարությունն այն մասին, թե իր գնորդին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ «Մի-28Ն»-ից հրաժարվելու պատճառները տեխնիկական են. ուղղաթիռը չի համապատասխանել մրցույթի պահանջներից 20-ին։ Թե կոնկրետ ինչ պահանջների մասին է խոսքը, չի նշվում։

Նույն «Ռիա-Նովոստի» գործակալության հետ զրույցում «Ռազմավարությունների և տեխնոլոգիանի վերլուծության կենտրոնի» տնօրեն Ռուսլան Պուհովը հայտարարել է, թե իրականում պատճառները միայն տեխնիկական չեն։ Պուխովի, ընդունելով, որ «Մի-28Ն» ուղղաթիռը «դեռ հում է», Հնդկաստանի որոշումը բացատրում է նաև այլ հանգամանքներով, ըստ նրա.
1. հնդկական երկու այլ ուղղաթիռային մրցույթներին մասնակցում են ռուսական «Կա-226» և «Մի-26» ուղղաթիռները, որոնք ունեն հաղթելու լուրջ շանսեր, իսկ Հնդկաստանը չի ցանկանում բոլոր երեք հաղթանակները տալ Ռուսաստանին,
2. Հնդկաստանը վերջին շրջանում տարված է ամերիկյան զենքով, բայց հնդիկները լավ չեն հասկանում ամերիկյան զենքի թույլ կողմերը։

Անկեղծ ասած Պուխովի այս հայտարարությունները բավականին միամիտ են հնչում, և թերևս, իրական պատճառը միայն տեխնիկականն է եղել, ու Ռուսաստանը, դեռևս չի կարողանում «Մի-28Ն»-ը հասցնել անհրաժեշտ վիճակի։ Միաժամանակ, ռուսական ուղղաթիռաշինությունը, ռազմական արդյունաբերության այլ ոլորտների հետ համեմատած, բավականին լավ վիճակում է, և ռուսները կարող են հույս ունենալ, որ այնուամենայնիվ կհաջողվի «Մի-28Ն»-ի համար ապահովել պահանջվող տեխնիկական տվյալները։

Աղբյուրները։
ArmsTrade.org
«Ռիա-Նովոստի»

2 responses to “Հնդկաստանը հրաժարվել է ռուսական «Մի-28Ն» ուղղաթիռներից

  1. Pingback: Ռուսաստանը սկսում է զիջել դիրքերը սպառազինությունների հնդկական շուկայում | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ-ը պատրաստ է վաճառել Հնդկաստանին «F-35» կործանիչներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *