Լիբիան դիմել է ՄԱԿ-ին՝ երկրում կարգուկանոն հաստատելուն աջակցելու համար

Լիբիայի իշխանությունները դիմել եմ ՄԱԿ ԱԽ-ին՝ հայցելով օգնություն երկրում ներքին ճգնաժամը հաղթահարելու և կարգուկանոն հաղթահարելու հարցում։ Հակառակ դեպքում, համաձայն Լիբիայի պաշտոնական տվյալների, Լիբիան վերածվելու է «անհավասարակշռության օջախի»:

Տրիպոլիի օդանավակայանը զինյալների հարձակումից հետո

Տրիպոլիի օդանավակայանը զինյալների հարձակումից հետո

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Լիբիայի արտգործնախարար Մոհամեդ Աբդելազիզը շեշտել է՝ իրենց հատկապես անհրաժեշտ է ՄԱԿ-ի աջակցությունը նավթահանքերը, օդանավակայանները, նավահանգիստներն ու այլ կարևորագույն օբյեկտները հարձակումներից պաշտպանելու համար։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ՄԱԿ-ը հուլիսի 14-ին տարհանել է Լիբիայի տարածքից իր աշխատակիցներին՝ հաշվի առնելով Լիբիայի կառավարական ուժերի ու զինյալների խմբավորումների հարաբերությունների սրացումը, ինչը կարող է անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների հանգեցնել:

ՄԱԿ-ի նման որոշման հիմնական պատճառը հուլիսի 14-ին զինյալների խմբավորումների՝ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայանի վրա կազմակերպված հարձակումն է, որին զոհ է գնացել առնվազն 7 հոգի: Իշխանական աղբյուրները վկայում են՝ զինյալները կիրառել են ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ինչի հետևանքով ոչնչացվել է օդակայանում կայանած ինքնաթիռների 90 տոկոսը:

Հավելենք, որ ներկա դրությամբ Տրիպոլիում ակտիվ են զինված մի շարք խմբավորումներ, որոնք տարբեր հատվածներում լիակատար վերահսկողություն են հաստատել և սեփական օրենքներով են շարժվում: Ընդ որում, նրանց տրամադրության տակ է կառավարական ուժերից մարտական գործողությունների ժամանակ առգրավված մեծ քանակությամբ զենք-զինամթերք, այդ թվում՝ ծանր զրահատեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *