Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 18

Ուկրաինայի հարավ-արևելքում նոր թափով շարունակվում են բախումներն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Լարված է իրավիճակը Լուգանսկի և Դոնեցկի ուղղությամբ։ Իսկ քաղաքացիական ինքնաթիռը վայր գցելում մեղավորությունը կողմերն իրար վրա են բարդում։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Բուկ զենիթահրթիռային համալիր

Բուկ զենիթահրթիռային համալիր

19։15-Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար գումարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։

18։20-Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, որով կարտգադրել է շուրջ 51 միլիոն ամերիկյան դոլար հատկացնել սպառազինություն ու ռազմական տեխնիկա գնելու համար։

17։45Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն հուլիսի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե քաղաքացիական օդանավի խոցման համար պատասխանատու է Ռուսաստանը, քանի որ իրենք են ապստամբներին փոխանցել Բուկ զենիթահրթիռային համալիրը՝ անձնակազմով հանդերձ։ Նալիվայչենկոն նշել է, որ ունեն դա հավաստող ապացույցներ, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել։

17:00Ուժայինները Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգից կրակ են բացել Սևերոդոնեցկ բնակավայրի հարակից շրջանների ուղղությամբ, որտեղ առկա են ապստամբների ամրակետեր։

16։10-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ առաջիկայում սպասվում է վիդեոկոնֆերանս ապստամբների հետ, որի ժամանակ կքննարկվեն հրադադարի սահմանմանն առնչվող հարցեր։ Նա նշել է, որ հրադադարն այժմ շատ ավելի անհրաժեշտ է՝ ուղևորատար կործանված ինքնաթիռի միջադեպի հետաքննության ապահովման համար։

15։25-Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն լրատվամիջոցներին հայտնել է, որ Լուգանսկում ապստամբներն ընկել են շրջափակման մեջ։ Նա նշել է, որ այս կերպ կբացառվի զենքի մատակարարումն ապստամբներին։

14։45-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը լրատվամիջոցներին հայտնել է, որ անցնող օրերին հակաահաբեկչական գործողության գոտում զոհվել է 3 ուժային, վիրավորվել ևս 25-ը։

14։00- Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, տեղեկացնում է, թե մալայզիական ուղևորատար ինքնաթիռն այդ կետում խոցելու հնարավորություն ունեին երկու Ս-200 և Բուկ-Մ1 ՀՕՊ համակարգերով։ Բացի այդ, ռուսաստանյան կողմը նշում է, թե նախօրեին իրենք արձանագրել են Բուկ-Մ1 մարտկոցի «Կուպոլ» ռադիոտեղորոշման կայանի աշխատանքը։

12։50- Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունն ու Ուկրաինայի կենտրոնական իշխանությունները կարող են ժամանակավոր հրադադար հաստատել՝ վայր ընկած ուղևորատար ինքնաթիռի հետ կապված հետաքննություն անցկացնելու համար։

12։40- Ուկրաինական պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ նախօրեին Լուգանսկում 1 ուկրաինացի զինծառայող է սպանվել, ևս 13 հոգի վիրավորվել է։

11։12- Դոնեցկի ապստամբների հրամանատար Իգոր Ստրելկովը տեղեկացրել է, որ Դոնեցկի տարբեր հատվածներում մարտերը շարունակվում են։

11։10- Malaysia Airlines ընկերությունը, որին պատկանող Բոինգ-777 ուղևորատար ինքնաթիռը նախօրեին ընկել էր Դոնեցկում, պատրաստվում է միջադեպի հետաքննության շրջանակներում կապ հաստատել նաև ապստամբների հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *