ՌԴ-ն և Բրազիլիան Պանցիր-Ս1 համալիրի գնման պայմանագիրը կարող են կնքել արդեն այս տարի

Բրազիլիայի կառավարությունը հաստատել է, որ 2014-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանի հետ կկնքվի պայմանագիր՝ հակաօդային պաշտպանության Պանցիր-Ս1 զենիթահրթիռային հրանոթային համալիրի ձեռքբերման շուրջ։ Պայմանագիրը նախատեսելու է ոչ միայն համալիրի մարտկոցների գնում, այլև դրանք Բրազիլիայում հավաքելու արտոնագրի տրամադրում։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիր

Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիր

Հայտնի է, որ ավելի քան 1 միլիարդ ամերիկյան դոլար գնահատվող պայմանագրով Բրազիլիային կմատակարարվի Պանցիր-Ս1 համալիրի 3 մարտկոց, որոնցից յուրաքանչյուրը կհամալրի ցամաքային զորքերը, ռազմաօդային և ռազմածովային ուժերը։

Նշենք, որ դեռևս 2013-ի փետրվարին Բրազիլիայի նախագահը լիազորել էր պաշտպանության նախարարին ՌԴ-ի հետ սկսել բանակցություններ հակաօդային պաշտպանության Պանցիր-Ս1 համալիրի գնման շուրջ։

Հարկ է հիշեցնել, որ շատերը կարծում էին թե Բրազիլիայում համալիրով նպատակ ունեն ի թիվս այլ խնդիրների լուծման, ապահովել նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի անվտանգությունը, որն անցկացվում էր այդ երկրում, սակայն մրցաշարն արդեն ավարտված է, իսկ համալիրի գնման շուրջ հստակ պայմանագիր դեռևս չկա։

Ինչ վերաբերում է պայմանագրի երկրորդ մասին՝ Բրազիլիայում Պանցիր-Ս1 համալիր հավաքող ձեռնարկություն հիմնելու արտոնագրի տրամադրմանը, ապա նշենք, որ համաձայնության գալու դեպքում, ՌԴ-ն կհատկացնի բաղկացուցիչ մասերը, համալիրը տեղում հավաքելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու նաև արտադրանքը արտահանելու թույլտվություն։

Պետք է նշել նաև, որ նախքան պայմանագրի կնքումը, Բրազիլիայի ռազմական ղեկավարությունը դեռևս պետք է տա իր վերջնական եզրակացությունը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Պանցիր-Ս1 զենիթահրթիռային հրանոթային համալիրն ամբողջությամբ համապատասխանում է բրազիլական զինուժի պահանջներին։

Հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության Պանցիր Ս-1 զենիթահրթիռային հրանոթային համալիրը նախատեսված է կարևոր նշանակության ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների՝ օդային հարձակումներից պաշտպանության համար։ Համալիրը օդային թիրախները կարող է հայտնաբերել մինչև 36 և խոցել մինչև 18 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *